Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/383

Այս էջը հաստատված է

կշինե յուր ժառանգը և նրան կկտակե յուր կարողությունը։ Իսկ այդ բանում աղա Գրիգոր Մոսեիչի նման մարդիկ բոլորովին զանազանություն չեն դնում օտարների և հարազատ որդկերանց մեջ։ Կրկնում եմ՝ դուք այնպես պիտի անեք, որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր բոլոր կարողությունը ձեզ կտակե կամ ձեզ վերա հաստատե։

— Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս,— անհամբերությամբ հարցրեց Բարսեղը, որին այդ միտքը հետզհետե սկսել էր դուր գալ:

— Թեպետ այդ բանի մասին դուք ինքներդ անձամբ ուղղակի կարող էիք նրա հետ խոսք բանալ,— ասաց Դարիա Կիրիլովնան,— բայց այդ փոքր-ինչ հանդուգն քայլ կլիներ, որ շատ կարելի է հոնքն շինելու տեղ աչքն էլ փչացներ... Աղա Գրիգոր Մոսեիչից որևիցե բան և առավել ևս բոլոր կարողությունը կորզելու համար հարկավոր է մի այնպիսի միջոց, որ ինքը ստիպված՝ հոժարակամ, յուր ձեռքովն անե այդ բանը։ Եվ մի այդպիսի միջոց ես արդեն մտածել եմ, որն եթե հմուտ կերպով գործ դրվի, ես կարծում եմ, մինչև անգամ համոզված եմ, որ գործը շատ հաջող կանցնի, և դուք կհասնեք ձեր նպատակին...

— Ի՞նչ միջոց,— շտապով հարցրեց Բարսեղը, որ մեծ հետաքրքրությամբ լսում էր նրան։

— Լսեցեք։ Այդ բանում դուք մի մարդ պիտի մեջ գցեք։ Այդ մարդը պիտի ունենա ճարտար լեզու և շատ մոտ պիտի լինի աղա Գրիգոր Մոսեիչին այնպես, ինչպես մի բարեկամ։ Այդ մարդը աղա Գրիգոր Մոսեիչին պիտի սկսե զանազան շինծու պատմություններ անել, որ իբրև թե նրա կինն ու որդիքը ամեն տեղ և ամենքի մոտ տրտնջում են նրանից, պատմում են, թե նա շատ անպիտան, գարշելի մարդ է... Մի խոսքով՝ ամեն կողմից խայտառակում են նրան— և այդպիսով առավել ևս զարթեցնի նրա ատելությունը դեպի կինն ու որդիքը: Վերջ ի վերջո այդ մարդը, իբրև կարեկից բարեկամ, յուր կողմից պիտի ակնարկե նրան, որ նրանք, այսինքն— կինն ու որդիքը շատ կարելի է օր առաջ թունավորեն նրան, որպեսզի նա չկարողանա յուր կարողությունը ձեզ կտակել, այլ իրենց մնա։ Թեկուզ նա մտադիր էլ չլինի յուր կարողությունը ձեզ կտակելու, այդ վերջին հանգամանքից — որ նրան