Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/387

Այս էջը հաստատված է

միտք— շուտով տիրանալ աղա Գրիգոր Մոսեիչի բոլոր կարողությանը։

Դուրս գալով Դարիա Կիրիլովնայի տնից, նա շտապով նստեց մի կառք և հրամայեց քշել դեպի այն փողոցը, որտեղ գտնվում էր մեզ ծանոթ «շատ լավ մարդու» խրճիթը։ Հասնելով այնտեղ, նա կառքը կանգնեցնել տվեց մեծ փողոցում, ցած թռավ, վճարեց կառապանին և շտապով մտնելով նեղ փողոցը, կանգնեց Սարգսի խրճիթի առաջ, որ այժմ զառամյալ ծերունու նման գլուխը առաջ էր բերել և ամեն րոպե սպառնում էր անցնողին տակն առնելու։ Սակայն Բարսեղը դրա վրա ոչինչ ուշադրություն չդարձրեց և ուղղակի սկսեց ծեծել դուռը, որը ուրախությամբ տեսավ, որ ներսից էր փակած։ Դուռը ոչ ոք չբացեց։ Նա սկսեց խիստ ծեծել, ծեծեց և փոքրիկ լուսամուտը, բայց դուռը դարձյալ փակ մնաց։ Այդպես մոտ երկու րոպե անդադար և կատաղաբար ծեծում էր նա մերթ դուռը, մերթ լուսամուտը, վերջապես տեսնելով, որ ոչ ոք չի բացում, համբերությունից դուրս եկավ և հայհոյելով «շատ լավ մարդուն», պատրաստվում էր հեռանալ, երբ հանկարծ լսվեց սղնակի ձայնը, և դուռը ճռճռալով սկսեց բացվել։

— Սատկե՞լ ես, ի՜նչ է,— կանչեց Բարսեղը և առանց սպասելու, որ դուռը հանդարտ բացվի, ոտով սաստկությամբ այնպես խփեց նրան, որ նա ճռճռալով կռնակի վերա բաց եղավ և շրխկալով դիպավ պատին։

Շեմքում կանգնած էր Սարգիսը։ Նա նույն Սարգիսն էր, ինչ որ ութ տարի առաջ, նրա մեջ ոչինչ փոփոխություն չէր կատարվել, բացի արաբական դեմքի սև մազերից, որոնք թեթև կերպով սկսել էին ալեխառնվել և շորերից, որոնք առաջվանից ավելի վատթար դրության մեջ էին։ Քանի որ դեռ չգիտեր, թե ով էր իրեն այցելողը, որն այնպես սաստկությամբ ոտով խփեց առանց այն էլ աննախանձելի դռանը, նա յուր արաբական դեմքը սարսափելի կերպով խոժոռեց, բայց երբ հանկարծ տեսավ յուր առաջ Բարսեղին, իսկույն մի տեսակ զարմանքի և ուրախության արտահայտությունը ընդունեց և կանչեց յուր միևնույն խռպոտ ձայնով.

— Վա՜հ, Բարսե՛ղ... Դու ի՜նձ մոտ...

— Այո՛, ես քեզ մոտ, բայց դու ինձ համբերությունիցս