Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/389

Այս էջը հաստատված է

որովհետև եթե ես չլինեի, դուք այժմ — ուղղակի եմ ասում— կենդանի չէիք լինիլ... Այդպե՞ս է, թե ոչ։

— Այդպես է, այդպես,— նույնկերպ պատասխանեց Բարսեղը։

— Սակայն, չնայեյով դրան, դուք ապերախտ եք գտնվում դեպի ինձ,— ազնվությունը վիրավորված մարդու նման վերջ տվեց յուր խոսքերին Սարգիսը։

— Այդ ինչպե՞ս, Սարգիս,— հարցրեց իրեն զարմացած ձևացնելով Բարսեղը, որ արդեն հասկանում էր նրա գլխացավը։

— Ինչպե՞ս, հարցնում եք դուք ինձ... կարծես ինքներդ չգիտեք, թե ինչպես...

— Հավատացիր, չգիտեմ։

— Այնպես, որ այժմ ինձ շան տեղ էլ չեք գցում... չեք գալիս, չեք տեսնում՝ արդյոք կենդանի՞ եմ, մեռա՞ծ եմ, ինչպե՞ս եմ ապրում, ինչպե՞ս չեմ ապրում, սովա՞ծ եմ, կո՞ւշտ եմ, հիվա՞նդ եմ, առո՞ղջ եմ...

— Եվ այլն, և այլն,— կանչեց ծիծաղելով Բարսեղը։— Բայց գլխավոր բանը մոռանում ես,— արդյոք օղի ունի՞ս, չունի՞ս, հա՜, հա՜...

— Այդ ինքնըստինքյան,— ասաց ժպտալով Սարգիսը։

— Բայց ամենագլխավորը արդյոք փող ունի՞մ, չունի՞մ...

— Լսի՛ր, Սարգիս, այդ բոլորը հիմար բաներ են, ե՞րբ ես եկել ինձ մոտ, որ փող չեմ տվել... Կուզե՞ս հիմա տամ։

— Ինչի՞ չեմ ուզիլ,— շտապով կանչեց ուրախացած Սարգիսը։ Բարսեղը հանեց մի ռուբլի և տալով նրան ասաց.

— Ահա քեզ մի ռուբլի, Սարգիս, բայց հարյուրավոր այդպիսի ռուբլիներ կստանաս, եթե կատարես մի գործ, որ քեզ հանձնելու նպատակով եմ եկել այստեղ։

— Ի՞նչ գործ,— հարցրեց իսկույն Սարգիսը, որի վերա հարյուրավոր ռուբլիների անունը մոգական ազդեցություն ունեցավ։

— Մի գործ, կրկնում եմ, որ գլուխ բերելով այդպիսի հարյուրավոր ոուբլիներ կստանաս,— կրկնեց Բարսեղը, առանձին շեշտելով «հարյուրավոր ռուբլիների» վերա, որովհետև նա հասկանում էր, թե փողի անունն ինչ ազդեցություն էր անում նրա վերա։