Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/392

Այս էջը հաստատված է

— Ե՞րբ... ես ի՞նչ գիտեմ... երբ ավելի հարմար կլինի։

— Այսօր կարող ես, այսօր կիրակի է, և նա ողջ օրը տանն է։

— Ինձ համար միևնույն է, երբ կամենք, կգնամ։

— Ուրեմն այսօր, այսօր անպատճառ, ճաշից հետո, գիտե՞ս, ժամի չորսին կամ հինգին, երբ նա ամենալավ տրամադրության մեջ է լինում... Դե՜հ, էլ ի՞նչ ասեմ, Սարգիս, դու գիտես, էլի՜...

— Դուք բոլորովին անհոգ կացե՛ք, ես իմ գործը գիտեմ։

— Ուրեմն՝ ցտեսություն։

Եվ Բարսեղը պատրաստվեցավ դուրս գնալու։

— Բայց... պ. Բարսեղ, լավ կանեիք եթե մի քանի ռուբլի բեհ տայիք,— ասաց ժպտալով Սարգիսը։

— Մի ռուբլի տվի։

— Է՛հ, մի ռուբլին էլ ի՞նչ է, որ լայեղություն եք անում, բերան եք բերում... մի քանի ռուբլի պիտի լինի, որ մարդ սրտով կպչի գործին։

— Ահա՛, այս էլ քեզ երեք ռուբլի,— ասաց Բարսեղը, տալով նրան մի երեքանոց,— միայն թե դու սրտով կպչեիր գործին։

— Էլ խոսել հարկավոր չէ պ․ Բարսեղ, ես գիտեմ իմ բանը։

— Ուրեմն՝ դարձյալ ցտեսություն... Բայց լսիր, Սարգիս․ ձեր խոսակցության ժամանակ, իհարկե, ես այնտեղ չեմ լինիլ, իսկ թե գործն ինչ ելք կստանա— այդ աղա Գրիգոր Մոսեիչն ինձ այսօր թե հայտնեց՝ լավ, իսկ եթե ոչ՝ այս գիշեր ես կգամ այստեղ քեզանից իմանալու, և դու անպատճառ տանը կլինես։

— Անպատճառ տանը կլինեմ, անպատճառ...

— Դե՜հ, ցտեսություն։

Եվ Բարսեղը շտապով դուրս գնաց յուր փաստաբանի խրճիթից։ Նրա դուրս գնալուց հետո, «շատ լավ մարդը» ինքնաբավական կերպով սկսեց շփել միմյանց կոշտ, կեղտոտ ձեռքերը և փնթփնթալ ինքն իրեն․

«Հազա՜ր ռուբլի․․․ հազա՜ր․․․ Չէ՜, այս գործը պետք է անպատճառ գլուխ բերել... Ամեն կերպ պիտի աշխատել․․․ Չորս ռուբլին խո գրպանումս է... դեռ գնամ մի լավ կոնծեմ»...