Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/393

Այս էջը հաստատված է
Թ

Ժամը մեկուկեսն էր, երբ Բարսեղը վերադարձավ աղա Գրիգոր Մոսեիչի մոտ։ Նա սաստիկ ուրախ էր, բայց ամեն կերպ աշխատում էր ծածկել այդ ուրախությունը յուր «բարերարից», որպեսզի դուրս եկած չլինի յուր սովորական լուրջ-խոնարհ դրությունից, ինչպես նա միշտ ցույց էր տալիս իրեն վերջինիս մոտ, և դրանով ոչինչ կասկած չզարթնեցնե նրա մեջ։

Ժամը երեքին նրանք ճաշ կերան։ Աղա Գրիգոր Մոսեիչը միշտ ճաշում էր յուր «որդեգրի» հետ միասին մի սեղանի վերա։ Ճաշելուց հետո «որդեգիրը» թույլտվություն խնդրեց «բարերարից» դուրս գնալ փոքր-ինչ զբոսնելու, որ և անհապաղ ստացավ։ Ուրիշ անգամ, քանի որ դեռ չէր ծերացել, աղա Գրիգոր Մոսեիչը, ճաշից հետո յուր սեփական կառքով ինքն էլ էր գնում զբոսանքի, բայց այժմ, երբ նա արդեն մոտ էր վաթսուն տարուն, այլևս չէր գնում զբոսանքի, մինչև անգամ տնից քիչ էր դուրս գալիս և այն էլ գնում էր մագազին։ Նա չէր հաճախում և ուրիշ ոչ մի զվարճության տեղ...

Դուրս գալով տնից, Բարսեղը չգիտեր ուր գնար և ինչպես սպաներ ժամանակը, մինչև որ լսեր, թե ինչպես պիտի վերջանա յուր այդ օրվա բռնած գործը, որի վերա միայն կենտրոնացրել էր յուր բոլոր ուշքն ու միտքը։ Նա նստեց մի կառք և քշել տվեց դեպի Մուշտայիդ։ Այնտեղ պատահեց Բախշոյին, հրավիրեց նրան գարեջրի և երկար ժամանակ նրա հետ կառքով զբոսնելուց հետո վերջապես սաստիկ անհամբերությամբ վերադարձավ տուն։ Դուռը բացող շվեյցարին հարցրեց, թե արդյոք յուր դուրս գնալուց հետո ոչ ոք խո չի՞ մտել աղայի մոտ։ Շվեյցարը պատասխանեց, որ մի մարդ է մտել և տակավին չէ դուրս եկել։

— Ինչպիսի՞ մարդ էր,— անհամբերությամբ հարցրեց Բարսեղը, որի սիրտն սկսել էր սաստիկ թրթռալ։

— Չգիտեմ, մի ինչ-որ սև մարդ էր, կեղտոտ, աղքատ շորերով,— պատասխանեց շվեյցարը։

Բարսեղին այլևս ոչինչ հարկավոր չէր հարցնել։ Նա շտապով բարձրացավ վեր և ներս մտավ յուր գեղեցիկ սենյակը։