Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/401

Այս էջը հաստատված է

ողջ օրը մնում էր փակված յուր սենյակում, կամ զբոսնում էր յուր տան առաջ գտնված փոքրիկ պարտիզում։ Ամեն երեկո նա ընդունում էր միայն հաշվապահին, որ հանձնում էր նրան նույն օրվա մագազինում եղած ծախքի հաշիվները, իսկ Բարսեղին ընդունում էր թե՛ առավոտները, նրա մագազին գնալուց առաջ, միասին թեյ խմելու համար, թե ճաշին՝ միասին ճաշելու, որի համար և նա մագազինից վերադառնում էր տուն, և թե երեկոյան, մագազինը փակելուց հետո և նրա հետ դարձյալ միասին թեյ էր խմում և ընթրում։ Սակայն չնայելով այդ բոլորին, նա շատ քիչ էր խոսում «որդեգրի» հետ և այն էլ բոլորովին ավելորդ բաների մասին։ Բարսեղը ինչ մտածելը չէր իմանում յուր «բարերարին» այդ դրության մեջ տեսնելով։ Նա պարզ տեսնում էր, որ աղա Գրիգոր Մոսեիչը մի ինչ-որ բանի մասին սաստիկ մտատանջվում է, և նրա ներսը կատարվում է մի բան։ Նա, իհարկե, գիտեր դրա պատճառը, բայց որ աղա Գրիգոր Մոսեիչը յուր բերանով չէր ուզում այդ հայտնել նրան, լռություն պահպանելով Սարգսի՝ իրեն այցելության մասին անգամ — այդ նրան յուր կողմից մտատանջություն էր պատճառում։

«Ի՞նչ է մտածում արդյոք աղա Գրիգոր Մոսեիչը,— ասում էր նա այդ ժամանակ ինքն իրեն։— Խո հավատացե՞լ է Սարգսի խոսքերին, որ կինն ու որդիքը իբրև թե ուզում են նրան թունավորել, և այդ ժամանակ խո ասե՞լ է «լա՛վ, տեսնենք, թե իմ կարողությունն ո՞ւմն է մնում — նրա՞նց, թե նրան, որին ես եմ կամենում․․․»։ Էլ ինչի՞ նա հապաղում է... Բայց, գուցե աղա Գրիգոր Մոսեիչը չէ հավատացել Սարգսին և բոլորովին էլ չէ արտասանել այդ խոսքերը, այլ Սարգիսն այդ միայն հնարել է իրենից ինձ խաբելու համար, որպեսզի ես չխլեմ նրանից իմ տված չորս ռուբլին կամ ինձանից նոր ռուբլիներ կորզե... Ա՜, ես նրան ցույց կտամ․․․ անպատճառ այդպես է... խո ճանաչում եմ, թե ինչպիսի անպիտանն է նա..․ նա ինձ խաբել է...

Մի անգամ, երեկոյան մագազինից տուն վերադառնալիս, ճանապարհին նա հանկարծ պատահեց «շատ լավ մարդուն» և ասաց այդ մասին, բայց Սարգիսն երդումներով հավատացրեց,