Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/406

Այս էջը հաստատված է

— Գնա, իսկույն ասա, որ շուտով կառքը պատրաստեն,— հրամայեց նրան աղա Գրիգոր Մոսեիչը։

Ծառան դուրս գնաց։

— Բարսե՜ղ, օգնիր ինձ հագնվելու, ձեռքերս թուլացել են... Մենք այժմ իսկ պիտի գնանք նոտարի մոտ և ամեն բան վերջացնենք... Ես նրանց ցույց կտամ, թե ինչպե՞ս են մտադրվում թունավորելու։ Թունավորե՞լ, ի՛նչ հեշտ է արտասանվում այդ բառը... Բայց նրանք չեն մտածում, որ կա օրենք, արդարադատություն, որն այդպիսի հանցանքի համար կախաղան է բարձրացնում...

Այդ խոսքերի հետ նա հանեց խալաթը և Բարսեղի օգնությամբ հագավ շորերը։

Նա դարձյալ շատ խոսեց այդ մասին, մինչև որ վերջապես ծառան ներս մտավ և հայտնեց, որ կառքը պատրաստ է։ Նրանք դուրս գնացին, նստեցին կառքը և քշել տվեցին դեպի քաղաքի հայտնի նոտարների գրասենյակներից մինը։

ԺԱ

Նույն օրն երեկոյան աղա Գրիգոր Մոսեիչի սենյակներից մինում նստած խոսում էին չորս հոգի.— աղա Գրիգոր Մոսեիչի կինը՝ տ. Գայանեն, աղջիկն՝ Իսկուհին, տղան՝ Գարեգինը և վերջինիս ընկերը՝ Սմբատը։ Նրանք բոլորովին տեղեկություն չունեին նույն օրվա անցքի մասին և զբաղված էին ինչ-որ քաղցր խոսակցությամբ, երբ հանկարծ դուռը բացվեցավ, և շեմքում երևաց աղա Գրիգոր Մոսեիչը։ Նրա մտնելուն պես սենյակում բոլոր գտնվողները կարծես մի զսպանակով լարված՝ իսկույն բարձրացան տեղերից։ Ում ասես կսպասեին, բայց ոչ երբեք աղա Գրիգոր Մոսեիչին— և այդ պատճառով նրանք բոլորն էլ կարծես պապանձվեցան և դեռ մի րոպե մնացին արձանացած։

Աղա Գրիգոր Մոսեիչը մի քայլ միայն ոտը ներս դրեց և ասաց.

— Մի ժամից հետո ձեզանից և ոչ մինը չլինի ո՛չ սենյակում, և ո՛չ այս տանը, հակառակ դեպքում— ես գիտեմ...

Այդպիսի դիրք և այդպիսի եղանակ, որոնց նա գործ դրեց այդ խոսքերն արտասանելիս, վայել է միայն «ոտից