Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/407

Այս էջը հաստատված է

գլուխ արքային»։ Այնուհետև նա սուր֊սուր նայեց ուղղակի կնոջ աչքերի մեջ և ավելացրեց.

— Դուք ուզում էիք ինձ թունավորել, որպեսզի տիրանայիք իմ բոլոր կարողությանը, բայց ափսո՜ս, որ այդ ձեզ չհաջողվեցավ, և իմ բոլոր կարողությունը փոխանակ ձեզ մնալու, ես արդեն նոտարով հաստատեցի նրա վերա, որից դուք ուզում էիք խլել... ես ձեզ բոլորիդ վռնդում եմ այստեղից, որովհետև այս տունը, ինչպես և իմ բոլոր կարողությունն արդեն պատկանում է ուրիշին, իսկ ձեզ այստեղից մի ասեղ անգամ չի ընկնիլ... Կրկնում եմ, մի ժամից հետո ձեզանից և ո՛չ մեկը չլինի այստեղ։

Նա շուռ եկավ և ինչպես մտավ, այնպես էլ դուրս գնաց։

Սենյակում գտնվողները կարծես կախարդված շարունակում էին նայել նրա հետևից։ Նրանք կարծում էին, թե ինչ որ տեսան, լսեցին— բոլորն էլ երազ էր։

Ամենից առաջ ուշքի եկավ տ. Գայանեն։

— Թշվառ մարդ,— կանչեց նա նրա հետևից դառն ժպիտով և դարձավ մյուսներին.— Ի՞նչ եք այդպես կաշկանդված մնացել, ի՞նչ կա... Զարմացե՞լ եք, ապշել եք, չե՞ք հավատում ձեր աչքերին, ականջներին... Բայց այստեղ մի շատ չնչին, մի աննշան բան է կատարվել, որի վերա ուշադրություն անգամ չարժե դարձնել... Դուք միայն պիտի խղճաք, ցավիք այդ մարդու վերա, որովհետև նա այնքան ողորմելի և թշվառ է, որքան միամիտ և հիմար, որքան անպիտան և գարշելի...

— Բայց, մայրի՛կ, լսեցի՞ր ինչ ասաց նա,— կանչեց Իսկուհին, դուրս գալով յուր դրությունից։

— Այո՛, լսեցի․ նա ասաց, որ յուր բոլոր կարողությունն արդեն հաստատել է ուրիշի վերա, որից այդ կարողությունը խլելու դիտավորությամբ մենք կամեցել ենք նրան թունավորել. հա՜, հա՜, հա՜... որքա՜ն ծիծաղելի է... Եվ ասացե՛ք, խնդրեմ, մի՞թե այդ մարդն արժանի չէ կարեկցության, ցավակցության... մի՞թե դրանից ավելի թշվառ, ավելի ողորմելի մարդ կա աշխարհիս երեսին... Մենք կամեցել ենք նրան թունավորե՜լ, հա՜, հա՜, հա՜...

— Բայց այդ բանը նա ի՞նքն է հնարել, թե ուրիշներն են նրան մոլորեցրել,— ասաց յուր կողմից Գարեգինը։