Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/410

Այս էջը հաստատված է

է պատահել,— իրեն հատուկ ծանրությամբ ասաց Դարիա Կիրիլովնան։

— Ներեցեք ինձ,— կանչեց շնչասպառ Բարսեղը, համբուրելով նախ մոր, ապա աղջկա ձեռքը։— Բայց ես ձեզ համար մի ավետիք եմ բերել։— Աղա Գրիգոր Մոսեիչն արդեն հաստատեց նոտարական կարգով ինձ վերա յուր բոլոր կարողությունը և մի քանի օրից հետո, նոտարի հաստատությունը ստանալով, նրա բոլոր կարողությունը, վերջնականապես իմս կլինի։

— Իրա՞վ,— միաժամանակ կանչեցին մայր ու աղջիկ, և նրանց աչքերը վառվեցան։

— Ահա հաստատության թուղթը։

Եվ Բարսեղը ծոցից հանելով մի թերթ թուղթ, բացեց և ցույց տվավ յուր ապագա զոքանչին ու հարսին։

Դարիա Կիրիլովնան շտապով առավ այն նրա ձեռքից և կմկմալով սկսեց կարդալ։ Օլյան գլուխը կպցրեց նրա գլխին և աչքերով սկսեց հետևել նրա կարդացած բառերին՝ հարկավոր դեպքում ուղղելով նրա սխալ կարդացածը։

Երկար ժամանակ անցավ, մինչև որ մայր ու աղջիկ հավաքական ուժերով մի կերպ վերջացրին նոտարի արագ ու սահուն ձեռքով գրած ահագին թերթը, որին ստորագրած էր ինքն աղա Գրիգոր Մոսեիչը։

— Վերջապես,— ասաց Դարիա Կիրիլովնան, որ Բարսեղից պակաս չէր ուրախացել։— Այժմ դուք արդեն ազատ եք և հարուստ, և ես իմ աղջկա ձեռքը համարձակ տալիս եմ ձեզ։ Գնացե՜ք և ապրեցեք միասին երջանիկ և բախտավոր։

Օլյան անմեղ թռչնիկի նման թռչկոտելով փաթաթվեցավ Բարսեղի վզովը։

— Այո՜, երջանիկ և բախտավոր, այնպես չէ՞, Վասյա,— կանչեց նա միամիտ, անմեղ աղջկա նման յուր չաղ պարանոցը ծռելով և նայելով նրա աչքերի մեջ։

— Օ՜, ինչպե՞ս չէ,— յուր կողմից կանչեց Բարսեղը, որ քիչ էր մնում ճխլվի այդ վիթխարի աղջկա ուժեղ գրկի մեջ։— Ապա ո՞ւմ համար ես ձեռք բերի այսքան հարստությունը, չէ՞ որ միայն քեզ համար, ի՜մ հրեշտակ...

Օլյան առավել ևս պինդ սեղմեց նրան իր գրկի մեջ և թողնելով նրան, վազեց մոր մոտ։