Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/420

Այս էջը հաստատված է

պատասխանեց Սարգիսը,— որովհետև առաջինը ես հիմար չեմ, երկրորդը՝ մտածում էի— գուցե դուք այլևս չեք ուզում ձեր մորն ու քրոջը և իզուր, հայտնելով նրանց ձեր տեղը, պատճառ պիտի դառնայի նրանց ավելի տանջվելուն և, ո՞վ գիտե, ուրիշ ինչե՛ր չպատահեին այդ ժամանակ... Ես ավելի լավ համարեցի նախ գալ ձեզ մոտ, հայտնել ձեզ այդ բանը և տեսնել դուք ինչ եք ասում, արդյոք ուզո՞ւմ եք ձեր մորն ու քրոջը, թե ոչ։

Բարսեղը դեռ մի րոպե լուռ է, ըստ երևույթին, մի ինչ-որ մտածելով նայեց նրա արաբական դեմքին, հետո հանկարծ ցույց տալով դուռը ասաց.

— Հեռացի՜ր գլխիցս. ես ո՛չ մայր եմ ճանաչում և ո՛չ քույր...

Սարգիսը մնաց անշարժ նրա աչքերին նայելով։

— Քեզ ասում եմ՝ հեռացի՛ր,— այս անգամ կանչեց Բարսեղը։

— Բայց...

— Առանց «բայցի».. հեռացիր գնա՛...

— Չե՞ք ուզում ձեր մորն ու քրոջը...

— Ո՛չ, ո՛չ, կորի՛ր այստեղից,— համբերությունից բոլորովին դուրս գալով աղաղակեց Բարսեղը։

Սարգիսն այլևս առանց մի ծպտուն հանելու դուրս գնաց։

Նույն րոպեին բացվեցավ հարևան սենյակի դուռը, և ներս մտավ Օլյան։ Նա հագած ուներ տնային սպիտակ հանդերձ, իսկ շեկ, անփայլ մազերը խճճված թափված էին ուսերի վերա։ Քնեած աչքերից երևում էր, որ նա նոր էր բարեհաճել զարթնելու և ոչ միայն տակավին դեմքը չէր ներկել գեղադեղերով, այլև մինչև անգամ չէր լվացվել, և այդ պատճառով նրա տգեղությունն յուր մերկությամբ երևան էր լինում նրա ահագին դեմքի վերա։

Բարսեղը նրան տեսնելուն պես զզվանքով դեմքը շրջեց և մոտեցավ լուսամուտին։

— Վա՛սյա, ինչո՞ւ դու այնպես գոռում էիր,— յուր շինծու բարակ ձայնով հարցրեց Օլյան, մոտենալով նրան։— Քո ձայնը ննջարանում լսվում էր... Ո՞վ կար քեզ մոտ... դու բարկացած ես երևում... Վա՜սյա, Վասյա, ի՞նչ է պատահել քեզ, հըա՞...