Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/421

Այս էջը հաստատված է

Վերջին խոսքերի հետ նա փաղաքշանքով գրկեց Բարսեղին։

Վերջինս այլևս չկարողացավ համբերել։

— Օ, օ՜հ, ի՞նչ պիտի պատահի,— կանչեց նա և գրեթե կոպտությամբ դուրս խլվելով նրա գրկից, սկսեց քայլել սենյակում։

Օլյան մնաց սառած։ Նա ոչ մի խոսք չկարողացավ արտասանել և միայն քարացածի նման նայում էր յուր ամուսնու դեմքին։

— Վա՜սյա,— վերջապես կանչեց նա մի քանի քայլ անելով դեպի նա և նրա ձայնը դողաց, ինչպես այդ պատահում է ամենաքնքուշ արարածներին, երբ նրանց սիրտը վիրավորում են։

Բարսեղը, կարծես, չէր լսում. նա շարունակում էր քայլել ետ ու առաջ։

— Վա՛սյա, Վա՛սյա,— ավելի ձայնը դողացնելով կանչեց դարձյալ Օլյան։

— Հը՛ ի՞նչ է, «Վա՛սյա, Վա՛սյա»,— կանչեց Բարսեղը, հանկարծ կանգ առնելով նրա առաջ և նայելով նրա աչքերի մեջ։— Ի՞նչ կա, ի՞նչ ես ուզում...

— Վա՛սյա,— այս անգամ շշնջաց Օլյան և բոլորովին զարմացած ետ ու ետ գնաց։

— Մի անգամ էլ ասա «Վասյա», այդ քիչ էր... Ես քեզ հետ այլևս գործ չունեմ... ես քեզ չեմ սիրում, հասկացա՞ր, թե չէ... ես քեզանից զզվում եմ...

Եվ Բարսեղը նորից սկսեց քայլել ետ ու առաջ։

Օլյայի գլխին կարծես սառը ջուր ածեցին։ Նա մնաց այնպես, ինչպես որ կար, հետո հանկարծ բարձրաձայն հեկեկաց և դուրս վազեց սենյակից։

Չանցավ երկու-երեք րոպե, երբ մյուս սենյակից իրեն հատուկ ծանր քայլերով ներս մտավ Դարիա Կիրիլովնան, որին հետևում էր Օլյան դարձյալ հեկեկալով։ Բարսեղը յուր զոքանչին տեսնելուն պես ինքն էլ չհասկացավ, թե ինչու դողն անցավ յուր բոլոր անդամներով, և նա ակամայից կանգ առավ սենյակի մեջտեղում։