Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/425

Այս էջը հաստատված է
Բ
Թիֆլիս, 20 սեպտեմբերի 1880

Սիրելի՛ Հռիփսիմե,

Դու զարմանում ես, թե ինչպիսի եղանակով էի գրել նամակս. «կարծես մելամաղձություն է եկել վրադ», գրում ես դու։ Իրավունք ունիս զարմանալու և այդպես կարծելու, քանի որ այդ եղանակով գրած նամակ ինձնից դեռ երբեք չես ստացել։ «Ի՞նչ է պատահել քեզ», հարցնում ես։ Ոչինչ, բոլորովին ոչինչ չի պատահել ինձ. ես նույնն եմ, ինչպես վերջին անգամ տեսել ես ինձ. ապրում եմ նույն լիության մեջ, ծնողներս, եղբայրներս բոլորը ողջ և առողջ են, և մենք առաջվա նման հաշտ ու սիրով ենք ապրում։ Ըստ երևույթին, պետք է որ երջանիկ լինեմ, տրտնջալու ոչինչ տեղիք չպիտի ունենամ, այնպես չէ՞, սիրելի քույրիկ։ Բայց արի տես, որ այդ այդպես չէ.— ընդհակառակն, այս վերջին ժամանակներս ես ինձ թշվառ եմ զգում՝ առանց մի որևիցե ակնհայտ պատճառի։ Էլ չես տեսնի ինձ առաջվա նման ամեն մի չնչին բանի վրա ուրախ քրքջալիս կամ չարաճճիություններ անելիս, որոնց համար դու ինձ միշտ նախատում էիր և խրատում, որ ես գոնե փոքր֊ինչ լրջմիտ կենամ։ Էլ չես տեսնի ինձ առաջվա նման ցանցառամիտ երիտասարդների հետ ընկած, որի համար քո նախատինքն ավելի սաստիկ էր լինում, և երբ չէի լսում քեզ, ուղղակի խռովում էիր ինձնից, մինչև անգամ երկար ժամանակով։ (Բայց եթե այժմ տեսնես, թե որքա՜ն ես ատում եմ այդպիսի երիտասարդներին և որքա՜ն զզվում եմ նրանցից... Գուցե այժմ ե՛ս նախատեմ քեզ և խռովեմ քեզնից, եթե ինձ չլսես)։ Առաջվա անմիտ երեխայական արարքներիցս էլ ոչ մի նշույլ չես տեսնի իմ մեջ. կարծես երիտասարդությանս վաղուց արդեն հրաժեշտ եմ տվել, սիրտս կարծես մի անգամից ծածկվել է և էլ հնար չկա բանալու։ Այն, ինչ որ առաջ հոգով չափ սիրում էի, այժմ սաստիկ ատում եմ. կլուբ բոլորովին չեմ գնում, պարահանդեսներ— համարյա երբեք, իսկ թատրոն— շատ քիչ անգամ։ Ամեն տեղ և ամեն բանից շատ շուտ եմ ձանձրանում։ Ես այժմ սիրում եմ միայն առանձնություն և շատ եմ ջղայնանում, երբ ինձ անհանգստացնում են։ Առանձնության ժամանակ մտածմունքներն ակամա պաշարում են