Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/427

Այս էջը հաստատված է

ի նկատի ունեցիր, որ սիրտս արդեն բաց է եղել քո առջև և ես այլևս չեմ կարող ծածկել քեզնից իմ զգացումները: Ուզում եմ նամակներով քեզ հետ ամեն ինչ բաժանել. զգում եմ, որ այդ ինձ թեթևություն կպատճառի: Առայժմ, սիրելիս, ցնոր գրություն:

Քո Աննա Սարոյան
Գ
Թիֆլիս, 4 հոկտեմբերի 1880

Սիրելի Հռիփսիմե,

Դու աշխատում ես բացատրել հոգեկան օտարոտի դրությունս և գտնում ես, որ այդ պարապությունից, անգործ լինելուցս է։ Գուցե մասամբ ճիշտ է այդ, բայց այս էլ կա, որ ես դեպի ոչ մի գործ ձգտում չեմ զգում։ Եվ ի՞նչ գործ կհրամայեիր, որ կատարեի, ի՞նչ անեի, ինչո՞վ զբաղվեի, քանի որ մի հասարակ գործվածք անգամ մինչև վերջը համբերություն չունիմ տանելու և ամեն բան, ինչ ձեռքս եմ առնում, ձգում եմ կիսատ... Ոչ, ես կարծում եմ, որ գլխավոր պատճառը մենակությունս է։ Գուցե զարմանաս, բայց այդ այդպես է. ես մենակ եմ այժմ, և այդ ոչ թե այն պատճառով, որ առաջվա նման այլևս ընկերուհիներ չունիմ, որոնց հետ կարողանամ անցընել ժամանակս՝ տաղտկությունից խուսափելու համար— ոչ, այլ այն պատճառով, որ ես ինքս եմ հեռացել նրանցից, որովհետև նրանք բոլորն ինձ այժմ շատ հիմար և դատարկ արարածներ են երևում... Այ, ուրիշ բան կլիներ, եթե դու լինեիր մոտս, այն ժամանակ երբեք չէի ձանձրանալ. երբեք տաղտկություն չէի զգա, ինչպես առաջ, երբ դու այստեղ էիր, թեև այն ժամանակ քո չափից դուրս լուրջ դատողություններն ու խրատներն երբեմն շարժում էին ծիծաղս... Ա՜խ, որքա՜ն թեթևամիտ էի այն ժամանակ... Եվ այժմ զարմանում եմ, ճշմարիտ, թե ի՞նչպես քո առողջ խելքով, քո լրջությամբ կարողանում էիր ինձ, թեթևսոլիկիս հետ որևէ հարաբերություն ունենալ, թեև չքավորությանդ հետ ունեիր և սաստիկ ինքնասիրություն, որպեսզի իսկույն ևեթ հեռանայիր