Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/429

Այս էջը հաստատված է

հանդիսավոր տոնախմբությունն՝ առանց երգի ու նվագի։ Ես նստած էի դահլիճում դաշնամուրիս առաջ և նվագում էի Շումանի սերենադը (շատ լավ հիշում եմ, որ հենց այդ էի նվագում). հարևան սենյակում պարապում էին եղբայրներս. մեծը— Արշակը նստած էր սեղանի վերջին լուսամուտի մոտ՝ իր գրասեղանի առաջ և կանցելյարիայից բերած մի ահագին կույտ ինչ-որ թղթեր էր քրքրում, սենյակի մյուս վերջին լուսամուտի մոտ՝ իր գրասեղանի առաջ նստած էր մյուս եղբայրս— Գրիգորը և կարդում էր «Դոն Կարլոսը» (այդ հիշում եմ նրանից, որ նա ներս մտավ և, խնդրելով որ լսեմ, կարդաց ինձ մոտ մի գեղեցիկ կտոր Մարկիզ Պոզայի մի մենախոսությունից, որից հիացել էր։ Նա առհասարակ չափից դուրս սիրում է Շիլլերը. խո գիտես, որ նա թունդ ռոմանտիկ է)։ Իսկ փոքր եղբայրս— Գարեգինը նստած էր մեջտեղի լուսամուտներից մեկի առաջ և սովորում էր դասը։ Հարևան սենյակում հայրս և մայրս «նարդի» էին խաղում. այդ նրանց սիրելի զբաղմունքն էր, և է, երեկոներին։ Ա՜խ, ինչքան ուրախ, ինչքա՜ն երջանիկ էի ես այդ ժամանակ։ Ինչպիսի անհուն սեր էի զգում ես դեպի մեր այդ խաղաղ սիրող, հաշտ ընտանիքը։ Սրտիս մեջ դրախտ էր բացված և այդ դրախտն ես ուզում էի արտահայտել Շումանի սքանչելի սերենադի մեջ...

Հանկարծ հարևան սենյակում լսեցի քո ձայնը։

— եկել եմ ձեզ մնաք բարև ասելու. վաղն առավոտյան գնում եմ,— ասում էիր ծնողներիս։

Թողի դաշնամուրը, վեր թռա և վազեցի քեզ մոտ։

— Սիրելիս, մի՞թե իրավ, վաղն առավոտյան,— բացականչեցի՝ բռնելով ձեռքերիցդ։

— Այո։

«Այո»... Անգո՜ւթ, ի՞նչ էի արել քեզ, որ երջանկությանս բարձրությունից ինձ այնպես հանկարծ ցած գլորեցիր։

— Սիրելիս, Հռիփսիկս, հետաձգի՜ր— փարեցի վզովդ։

— Ո՜չ,— կարծես երդվել ես դու։

— Սիրելիս, մնա մի քանի օր էլ։

— Անկարող եմ։

Մի՞թե սիրտն այնքան կարող է քարանալ։ Դու մնաք բարև ես ասում ծնողներիս, մնաք բարև ես ասում եղբայրներիս,