Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Այս էջը հաստատված է

— Ղայիմ են նստած, է՜,— ասաց Գրիգորը և շարունակեց ընթերցումը։

Անցավ դարձյալ հինգ րոպե։

— Հը՞, էլի չընկա՞ն։

— Չէ,— պատասխանեց երեխան։

Երրորդ անգամ կրկնվեց նույն հարց ու պատասխանը. անպիտան չար սատանաները ոչ մի պայմանով չէին ուզում դուրս գալ Մարթայի փորից և թասի ջրի մեջ խեղդվել։

Թորոսը, Օսանը և մյուսները մի տեսակ հարցական հայացքով, կարծես խոսքը մեկ արած, լուռ նայեցին իրար երեսի. պարզ էր, որ կասկածի ու թերահավատության առաջին շողն էր այդ, որ վայրկենապես լուսավորեց նրանց խավար միտքը։

Գրիգորն իսկույն զգաց այդ ու մինչդեռ ներքին շփոթմունքը զսպած՝ չէր իմանում ինչ անի, որ դուրս գա իր անհաճո դրությունից, Մարթան հանկարծ չանչ արավ նրա վրա, փչեց հանգցրեց մոմերը և սկսեց բարձրաձայն ծիծաղել իր խելագար ծիծաղով։

Գրիգորը ճարպկորեն օգտվեց այդ հանգամանքից։

— Տեսա՞ք,— ասաց նա դառն ժպիտով.— էս ինքը չէր, է՜. էդ էն նզովյալներն էին, որ հանգցրին — մթամ թե բանի տեղ չենք դնում քո աղոթքը։ Դե որ ըտենց ա, հըմի ես գիտամ...

Նա պատվիրեց, որ թասը վերցնեն, «Սողոմոնի գիրքը» փաթաթեց թաշկինակի մեջ, գրպանը կոխեց և վեր կացավ։

— Կարա՞ք մի լախտի կամ մաթրախ ճարեք։

Այդ տարօրինակ պահանջը մի նոր զարմանքի առիթ տվավ ներկաներին։

— Լախտի՞... մաթրա՞խ,— հարցրին այս ու այն կողմից:

— Հա՛, հա՛, լախտի կամ մաթրախ, որն ուզում ա ըլի— մեկ ա։

— Ընչի՞ հմար,— հարցրեց Թորոսը ինչ-որ վատ բան գուշակելով։

— Դե հըմի ես նստեմ ձեզ մին-մին պատմե՞մ, թե ընչի համար,— հանկարծ բղավեց Գրիգորը գրգռված ավելի իր