Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/434

Այս էջը հաստատված է

— Ա՜, Թոմաս Գասպարի՞չ, այդ դո՞ւ ես... Բարև (ու մեկնեց նրան ձեռքը)։ Ի՞նչպես ես։ Քեֆդ լա՞վ է։ Համեցիր, նստիր։ (Նա կանչեց ծառային, որ մի աթոռ բերի)։ Նոր լուր կունենաս, ասա տեսնենք։ Անպատճառ եկեղեցուցն ես գալի։

— Բաս ո՞րտեղից պետք է գամ,— մրթմրթաց Թոմաս Գաապարիչը, կարծես նեղացած, որ այդ բանի համար դարձյալ հարցնում են իրեն։

— Իհարկե, ինձ համար էլ կաղոթեիր։

— Անպատճառ։ Քեզ համար էլ որ չաղոթեմ, աղա Գևորգ, բաս էլ ո՞ւմ համար պետք է աղոթեմ։

— Քեզ համար։

— Է, ամեն մարդ որ մենակ իր գլխի մասին մտածի, այդ ո՞ւր կգնա։

— Իր գրպանն ու փորը... Բայց ասա տեսնենք՝ աղոթքիդ մեջ ի՞նչ էիր խնդրում ինձ համար։

— Ի՞նչ... Ա՜յ ինչ,— ասաց Թոմաս Գասպարիչը, նոտելով ծառայի բերած աթոռի վրա։— Նախ և առաջ խնդրում էի, որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ երկար կյանք տա... «Կյանքս խնդրյաց ի քեն և ետուր նմա ընդերկայն ավուրս՝ հավիտյանս հավիտենից»։ Երկար կյանքն, իհարկե, ամեն բանից լավ է, այդպես չէ՞, աղա Գևորգ։

— Իհարկե... շարունակիր։

— Հա, նախ և առաջ խնդրում էի, որ ամենակարողն աստված քեզ...

— Հեր օրհնած, այդ խո ասացիր,— անհամբերությամբ և մի քիչ էլ ջղայնացած ընդհատեց հայրս։— Շարունակի՛ր։

Թոմաս Գասպարիչը տարակուսանքով և զարմացած նայեց նրան. առաջին անգամն էր, որ հայրս նրա հետ այդպես էր խոսում։

— Հետո խնդրում էի,— շարունակեց նա այս անգամ փոքր֊ինչ անվստահ եղանակով,— որ ամենակարողն աստված քեզ և ընտանիքիդ...

— Էլի՞,— նորից ընդհատեց հայրս նրան անհամբերությամբ։

— Չէ, աղա Գևորգ, շարունակում եմ,— շտապեց պատասխանել խեղճ Թոմաս Գասպարիչը,— ...որ ամենակարողն