Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/436

Այս էջը հաստատված է

մոտս... Սպասիր, լա՛վ, դու նեղություն մի կրիր, ծառան կբերի։

Նա դարձյալ կանչեց ծառային և հրամայեց, որ լրագիրը բերի։

Ես լուսամուտից տվեցի ծառային լրագրի համարը։ Ծառան տարավ տվեց Թոմաս Գասպարիչին։

Թոմաս Գասպարիչը նախ հանեց ակնոցը, որ պահում է, ինչպես գիտես, առանձին պատյանի մեջ, դրեց աչքերին և սկսեց կարդալ։ Կարդաց մի քանի լուր, թե ինչպես մի երիտասարդ անհայտ պատճառներից այսինչ տեղն և այսինչ ժամանակ անձնասպանություն է գործել («սիրահարված կլիներ»— այստեղ նկատեց հայրս), թե ինչպես մի կին մի անգամից երեք երեխա է ծնել, երեքն էլ կենդանի, թե ինչպես այսինչ տեղ ավազակները ճանապարհին կողոպտել և սպանել են ճանապարհորդներին, թե ինչպես այսինչ հայտնի վաճառականը սնանկացել է, նրա բոլոր կայքը գրավել, աճուրդով վաճառել են...

Հայրս սկզբում, ըստ երևույթին, հետաքրքրությամբ էր լսում Թոմաս Գասպարիչին, բայց վերջինս այնքան դանդաղ և անվարժ էր կարդում, որ նա շատ շուտով ձանձրացավ և դեմքը դարձյալ շրջեց դեպի քաղաքը։ Սակայն, ինչպես նկատում էի, այնուամենայնիվ, լսում էր և լսում ինքն իրեն ստիպելով. կարծես չէր ուզում անձնատուր լինել մտախոհությանը, որ ինչպես երևում էր, ակամա պաշարում էր նրան։ Վերջ ի վերջո դարձյալ սկսեց հետաքրքրությամբ լսել, և զարմանալի է՝ նրա հետաքրքրությունն այն աստիճանի հասավ, որ մինչև անգամ դարձավ Թոմաս Գասպարիչի կողմը, արմունկով կռթնեց ծնկան վրա և սկսեց շեշտակի նայել նրա շրթունքներին։ Այս անգամ տեսնում էի նրա դեմքը և երբեք չեմ կարող մոռանալ այն հայացքը, որով նայում էր այդ ժամանակ. այդ հայացքի մեջ կար և մեծ հետաքրքրություն, և մեծ երկյուղ, և մի տեսակ բան, որ ոչ կատաղություն էր, ոչ ստրջանք և ոչ հուսահատություն։ Վերջին լուրը լսելով, հանկարծ այնպիսի ուժով դուրս խլեց լրագիրը Թոմաս Գասպարիչի ձեռքից, գոռալով— «Ինչ վա՜տ ես կարդում»— այնպես ճղեց և ձեռքում ճմլելով, շպրտեց պատշգամբից ներքև, որ կարծեցի, թե խելագարվեց։ Ինքս էլ չիմացա, թե ինչպես այդ ժամանակ