Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/437

Այս էջը հաստատված է

գլուխս հանեցի լուսամուտից դեպի դուրս և նայեցի նրա կողմը։ Նա հանկարծ տեսավ ինձ, և ես մինչև հիմա էլ զարմացած եմ մնացել, թե ինչպես այնպես արագ կարողացավ փոխել դեմքի արտահայտությունը, ձեռքերը վայր թողած՝ կանգնեց հանդարտ, աչքերը խոնարհեցրեց, ներքին շրթունքը կախեց (ինչպես այդ արավ մի անգամ, երբ հարցրի նրա մտահոգության պատճառը) և ասաց բարակ, իբրև թե մանկական ձայնով.

— Ես ինչ մեղավոր եմ, օրիորդ... բաս ինչո՞ւ Թոմաս Գասպարիչը այնպես վատ է կարդում...

Բայց այս անգամ չծիծաղեցի, ինչպես առաջ. արդյոք նրա՞ համար, որ արդեն հասկանում էի, թե ինչ են նշանակում նրա այդպիսի կատակները, թե՞ նրա համար, որ այս անգամ նրա կատակը բավական անհամ դուրս եկավ— չգիտեմ։ Այդ, կարծես ինքն էլ զգաց և, մի րոպե շփոթվելով իմ անթարթ, լուրջ հայացքից, հանկարծ նայեց Թոմաս Գասպարիչին և բարձրաձայն ծիծաղեց։

— Աննա,— բացականչեց նա, առանց իմ կողմը նայելու,— թե աստվածդ կսիրես, մեկ նայիր մեր տիտուլյարնի սովետնիկին։

Նայեցի Թոմաս Գասպարիչին, բայց դարձյալ չծիծաղեցի, թեև այդ րոպեին նա շատ ծիծաղելի էր։— Նստած էր անշարժ՝ ակնոցն աչքերին և կատարյալ ապուշի նման բերանը բաց՝ նայում էր հորս։ Նրա ձեռքերը մնացել էին այնպես, ինչպես որ բռնած ուներ լրագիրը կարդալիս։ Կարծես նրան դիտմամբ նստեցրել էին այդ դրության մեջ, որպեսզի հանեն նրանից մի ծաղրական պատկեր։ Հորս բարձրաձայն ծիծաղից նա հանկարծ սթափվեց և ժպտալով դարձավ ինձ.

— Տեսնո՞ւմ ես, Աննա, ինչ չարաճճի մարդ է եղել հայրդ,— ասաց գլուխը շարժելով։— Լրագիրը ձեռքիցս խլեց, ճղեց, ճխլեց, պատշգամբից ներքև գցեց, ասա ինչո՞ւ...

— Նրա համար, իմ պատվելի տիտուլյարնի սովետնիկ, որ... ճաշին մեզ մոտ կլինես,— ասաց հայրս և գնաց դեպի իր առանձնասենյակը։

Դիտմամբ այս անցքն այսպես մանրամասն նկարագրեցի նամակիս մեջ, սիրելի Հռիփսիմե, որպեսզի ցույց տամ, թե որքան մեծ է այն գաղտնի վիշտը, որ այնքան մտատանջություն