Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/438

Այս էջը հաստատված է

պատճառելով, այսպիսի դրության մեջ է ձգել հորս։

Ինչպե՜ս վախենում եմ, թե մի՛ գուցե խելագարվի... Սարսափը, անասելի վիշտն ու հուսահատությունը պաշարում են ինձ, որ մտածում եմ, թե կարող է այդպիսի դժբախտություն պատահել... Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ... ինչո՞վ կարելի է այդ դժբախտության առաջն առնել...

Սրտիս վատ նախազգացումներից ես ավելի եմ սարսափում...

Ընդունի՛ր ջերմ համբույրներս։

Քո Աննա Սարոյան
Զ
Թիֆլիս, 20 նոյեմբերի 1880

Անգին քույրիկ,

Գուշակությունս ճիշտ դուրս եկավ.— դժբախտությունը— և այն էլ ի՜նչպիսի դժբախտություն— առաջին անգամ բաց արավ մեր տան դուռն և ներս մտավ՝ այնտեղից այլևս երբեք չհեռանալու համար։ Մենք համարյա մի անգամից զրկվեցինք մեր բոլոր կարողությունից, մեր բոլոր հարստությունից. հայրս աջ ձեռքով անդամալույծ եղավ և խելագարվեց։ Ահա թե ինչ եղավ նրա բոլոր մտատանջությունների, նրա գաղտնի վշտի, նրա օտարոտի դրության հետևանքը։ Իսկ պատճառը հորս պարտքերն են եղել, որոնց գոյության մասին մենք նույնքան տեղեկություն ունեինք, որքան տեղեկություն ունեինք, թե մեր գլխին մի այսպիսի սարսափելի փորձանք պետք է գար... Բայց մինչև հիմա էլ զարմանքից չեմ կարողանում ուշքի գալ, թե հայրս այնքան պարտք ե՞րբ է արել, և ի՞նչ բանի համար... Մայրս ասում է, որ նա մոլի խաղացող էր. այդ ես ինքս էլ գիտեի, բայց մի՞թե խաղալով այդքան պարտքեր են անում, այդքան տանուլ են տալիս... Ո՛չ, ո՛չ, ես այդ բանին ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ և երբեք էլ չեմ հավատալ... Գուցե, այո, ուրիշ մարդիկ այդպես անեն, բայց իմ հայրը... դու խո քիչ թե շատ ճանաչում ես հորս, դու խո գիտես, թե որքան ազնիվ, պատվասեր և հեռատես մարդ էր նա. մի՞թե այդպիսի գեղեցիկ հատկություններ ունենալով