Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/440

Այս էջը հաստատված է

Այսքան ժամանակ ոչ մի ծանր վիշտ տեսած չլինելով մեր ընտանիքի մեջ, այժմ այս սոսկալի դժբախտության առաջ զգում եմ, որ հոգիս շատ հեշտությամբ է ընկճվում... Եվ կարե՞լի է միթե անվեհերությամբ դեմ գնալ ճակատագրի մի այսպիսի հարվածի։ Ո՞վ է ուշադրություն դարձնում, թե զրկվեցինք մեր բոլոր կարողությունից. դրա մասին չեմ էլ մտածում կամ գեթ ափսոսում, այլ հա՜յրս, հա՜յրս, ես տանջվում եմ հորս համար։ Ես և մեր բոլոր ընտանիքը կորցրինք մի այնպիսի հայր, որպիսին կարող չէ տալ աշխարհն իր բոլոր գանձերով։ Եվ դեռ փառք աստուծո — այո, փառք աստուծո,— որ կաթվածն այնքան էլ սաստիկ չէր, ապա թե ոչ, նա կարող էր բոլորովին անդամալույծ դառնալ կամ իսկույն մեռնել։

Բայց ամենից ավելի ինձ տանջում, հուսահատեցնում է այն հանգամանքը, որ նրա խելքն այլևս գլխին չէ։ Արդյոք հասկանո՞ւմ ես, երևակայո՞ւմ ես, սիրելի քույրիկ, թե ինչ է նշանակում խելագարված լինել։— Այդ նշանակում է լինել մեծ մարդ և միևնույն ժամանակ— երեխա, այդ նշանակում է անել այն, ինչ որ շուրջդ ոչ ոք չի անում, և չի անի այն, ինչ որ շուրջդ ամենքն են անում, այդ նշանակում է հիմարների ծաղրի և խելոքների խղճահարության թշվառագույն առարկա լինել, այդ նշանակում է բնությունից անարգված լինել, մարդկային իրավունքներից զրկված լինել, ապրողների ցանկից դեռ կենդանության ժամանակ ջնջված լինել, այդ նշանակում է հազարավոր ապրողների մեջ ապրել իբրև առանձին մարդ, ինչպիսին մի ամայի անապատի մեջ, որտեղ շրջապատդ դեպի քեզ լուռ է և խուլ և որտեղ դու ինքդ շրջապատիդ համար լուռ ես և խուլ, այդ նշանակում է տեսնել և չճանաչել, լսել և չիմանալ, ապրել և չզգալ, այդ նշանակում է կրքեր չունենալ — կյանքի խորհրդի այդ բանալիները։ Սոսկալի՜ է, սոսկալի՜...

Ների՜ր, սիրելի Հռիփսիմե, նամակս երկար չեմ կարող շարունակել.— ամբողջ հոգեկան աշխարհս փշրված է։

Քո Աննա Սարոյան