Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/442

Այս էջը հաստատված է

Ա՜խ, Հռիփսիմե, անգին քույրիկս, որքան դառն, որքան անտանելի է կյանքը... Գոնե նա այնքան չնչին չլիներ, գոնե նա ունենար մի մեծ նշանակություն, մի մեծ նպատակ, որի համար արժենար կրել նրա տված այսքան դառնությունները... Ոչնչի համար չարաչար տանջվել— մի՞թե մարդս դրա համար է միայն ծնված... Մի՞թե մարդուս կյանքը, որ վերջանում է ոչնչով, նրա խորհուրդը պետք է լինի նույնպես ոչինչ... մի՞թե... Ինչպիսի մռայլ մտքեր են պաշարում ինձ... Մտածությանս թելը խճճվում է և հանկարծ կտրվում... Ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն... Ես սարսափում եմ...

8 դեկտեմբերի

Երեկ ամբողջ մտավոր և հոգեկան աշխարհս այնպիսի մի հուզմունքի մեջ ընկավ, սիրելի Հռիփսիմե, որ նամակս չկարողացա շարունակել, գրիչս վայր ձգեցի, դուրս գնացի և, ինքս էլ չգիտեմ որտեղ և որքան ժամանակ, սկսեցի թափառել։ Վերջին ժամանակներս այդպիսի օտարոտի հուզմունքներ ինձ շատ հաճախ են պատահում։ Չնայելով, որ ես ոչ մի կերպ չեմ ուզում նրանց անձնատուր լինել, բայց նրանք ակամա հափշտակում են ինձ։ Եվ, զարմանալի է, չնայելով, որ այդ հուզմունքները ծանր, շատ ծանր են լինում, բայց, այնուամենայնիվ, մի տեսակ անբացատրելի թեթևություն են տալիս.— ուրիշ կերպ ինչպես բացատրեմ հոգեկան այն դրությունը, որ ստանում եմ այդպիսի հուզմունքների ժամանակ.— մտքերի մեջ խորասուզված՝ նայում եմ շուրջս,— երկնքին, երկրին, ամբողջ բնությանը, նայում եմ մարդկանց, կենդանիներին, թռչուններին, միջատներին, նայում եմ, նայում և հանկարծ զգում եմ, որ մի տեսակ հեգնական ժպիտ ակամա ծամածռում է դեմքս։ Ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն, ոչնչությո՜ւն,— արտասանում եմ ինքս ինձ և զգում եմ, որ սրտիս մեջ այլևս ոչ մի վիշտ, ոչ մի դառնություն չկա. մարդկային զգացողական բոլոր կարողություններս, կարծես, միանգամից դադարում են գործելուց կամ ոչ մի կարիք չեն ունենում գործելու։ Հավատը, հույսը և սերը, որոնք մարդկային կյանքի հիմունքն են համարվում, կարծես փշրվում, չքանում են իմ մեջ և այնուհետև ամեն բանի, մինչև անգամ մեր թշվառության վրա սկսում եմ նայել խորին սառնասրտությամբ,