Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/443

Այս էջը հաստատված է

նույնիսկ արհամարհանքով... Սակայն բարեբախտաբար թե դժբախտաբար, այդ երկար չի տևում, սակավ առ սակավ այդ տարօրինակ դրությունից դուրս եմ գալիս, որի միջոցին երբեմնակի սարսափի նման մի տեսակ անբացատրելի սարսուռ ցնցում է ողջ մարմինս, կարծես մի ինչ-որ ոճրագործություն լինեմ կատարած... Ի վերջո, առաջվա վիշտն ու դառնությունը նորից պաշարում են ինձ, հոգիս նորից ընկճվում է, նորից սկսում եմ տանջվել... Որքա՜ն զարմանալի է մարդկային հոգեկան աշխարհը, որքա՜ն մութ, որքա՜ն անբացատրելի և անիմանալի խորշեր ունի նա։

Հորս դրությունը նույնն է, ինչ որ առաջ։ Նա բոլորովին խելագարված է, բայց նրա խելագարությունը շատ հանդարտ է, որի պատճառը, կարծում եմ, անդամալուծությունը պիտի լինի, չի կարողանում ազատ շարժումներ գործել կամ ազատ խոսել։ Սակայն վերջին օրերս ձեռնափայտի կամ իմ և մորս օգնությամբ կարողանում է կամաց ման գալ տանը, հազիվ շարժելով ոտները։ Նա ոչ ոքի չի կարողանում ճանաչել, պատահում է երբեմն, որ մայրս կամ եղբայրս մտնում են նրա մոտ, սկսում են խոսել նրա հետ, հարցնում են ճանաչում է իրենց. նա անթարթ, կարծես ամենայն մտառությամբ նայում է նրանց դեմքին, առողջ ձեռքում միշտ խաղացնելով թաշկինակը, դեմքը շրջում է նրանցից և չի պատասխանում։ Ինձ էլ չի ճանաչում, բայց ինձ հետ սիրով և քնքշությամբ է խոսում։ Երբ մտնում եմ նրա մոտ, ինչպես նկատում եմ, ուրախանում է, բայց եթե ամբողջ օրերով չերևամ էլ աչքին, չի հիշի։ Խոսակցությունը անմիտ է և անկապ, հարցերին պատասխանում է, բայց ոչ այն, ինչ որ ուղղակի այդ հարցերին է վերաբերում, այլ բոլորովին ուրիշ բան։ Ինձ միշտ սիրուն աղջիկ է անվանում, անունս մոռացել է և, չնայելով, որ ամեն անգամ հիշեցնում եմ անունս, ասում է և իսկույն էլ մոռանում։ Մի անգամ միայն— այն էլ հազիվ երկու րոպե— ճանաչեց ինձ և լաց եղավ։ Սակայն վերջին օրերումս, ինչպես նկատում եմ, ուշքը քիչ֊քիչ սկսում է գլխին գալ, անցյալից մի֊մի բան հիշում է և նույն րոպեին էլ մոռանում, իսկ առաջ բոլորովին ոչինչ չէր հիշում։ Այդ ինձ հույս է տալիս, որ վերջ ի վերջո գուցե առողջանա։ Բժիշկն էլ հույս է տալիս,