Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/444

Այս էջը հաստատված է

բայց ասում է, որ կառողջանա ոչ բոլորովին։ Թո՛ղ, թո՛ղ ինչպես կուզե՝ առողջանա, միայն թե ներկա դրության մեջ մինչև վերջը չտեսնեմ նրան։ Դու չես կարող երևակայել, անգին քույրիկ, թե ի՜նչ սոսկալի, ի՜նչ անտանելի տանջանք եմ կրում ես, երբ ամեն անգամ, մտնելով նրա մոտ, հանդիպում եմ նրա միշտ անմտորեն ժպտող հայացքին և լսում եմ նրա նույնքան անմիտ թոթովանքը...

Անցյալ օրն էր։ Ինչպես միշտ, նույնպես և այդ առավոտ, մտա նրա սենյակը։ Մորս և ծառայի օգնությամբ արդեն հագնվել և լվացվել էր (առավոտները նա միշտ վաղ է զարթնում. առհասարակ շատ քիչ է քնում)։ Երբ ներս մտա, նստած էր մահճակալի վրա և թաշկինակն՝ իր սովորության համեմատ՝ խաղացնում էր ձեռքին։ Ինձ տեսնելուն պես դեմքը խոժոռեց (այդ առաջին անգամն էր, որ ինձ այդպես էր հանդիպում) և հետո, երևի ճանաչելով, ժպտաց և, բարևելու փոխարեն, թաշկինակը քնքշորեն իմ կողմը գցեց։ Իսկույն բռնեցի թաշկինակը, նախքան գետին կընկներ, և նստեցի նրա մահճակալի վրա։

— Հայրիկ, ի՞նչպես ես այսօր, հարցրի թաշկինակը տալով նրան։

— Լավ եմ,— պատասխանեց իր մշտական, բայց այս անգամ, կարծես ամոթխած ժպիտով և թաշկինակը նորից սկսեց խաղացնել ձեռքին։

Հարցիս տված ուղղակի պատասխանը ինձ շատ ուրախացրեց։

— Բայց ի՞նչդ է ցավում, հայրիկ,— հարցրի, այս անգամ կամաց գրկելով նրա մեջքը։

Նայեց դեմքիս։ Այլևս չէր ժպտում։

— Ի՞նչ,— հարցրեց, կարծես, խորին մտառությամբ։

— Ասում եմ՝ ի՞նչդ է ցավում, ո՞րտեղդ է ցավում։

Խոր հառաչեց և հայացքը դարձրեց դեպի լուսամուտը։

— Շա՜տ վատ, շա՜տ վատ,— արտասանեց կամաց, բայց այնքան սրտառուչ ձայնով, որ աչքերս լցվեցին արտասուքով։ Ես ավելի ամուր գրկեցի նրա մեջքը և երկար ժամանակ ոչինչ չկարողացա արտասանել։ Նա թաշկինակն այլևս չէր խաղացնում ձեռքին և՝ կարծես տխուր մտածմունքների մեջ ընկղմված՝ շարունակ նայում էր դեպի լուսամուտը։