Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/448

Այս էջը հաստատված է

— Բայց ինչո՞ւ մինչև հիմա պառկած ես։

— Վեր կացա, բայց շատ ցուրտ է, նորից պառկեցի։

Ես մնացի խոնարհված նրա դեմքի վրա։ Նա այնքան հանգիստ էր, որ կարծես չէր շնչում։

— Գրիգոր, ի՞նչ ես մտածում,— հարցրի երկար լռությունից հետո։

Իր հայացքն ինձ դարձրեց։

— Ե՞ս։

— Այո։

— Ես ոչինչ չեմ մտածում։

Շուռ եկավ մեջքի վրա և ուղղակի նայեց աչքերիս։

— Ինչո՞ւ աչքերդ միշտ այդպես կարմիր են,— հարցրեց։

— Աչքերս կարմիր չեն,— փոքր֊ինչ շփոթված, բայց որքան կարելի էր հանգիստ ձայնով պատասխանեցի ես և վերմակով ծածկեցի նրա բաց կուրծքը։

Նրա դեմքը դժգոհության արտահայտություն ստացավ։

— Է՜֊է՜հ, Աննա, դու քեզ ամենևին չես խղճում,— արտասանեց տխուր ու մեղմ հանդիմանությամբ, և նույն րոպեին սաստիկ չոր հազը կարծես պատռեց նրա կուրծքը։ Շուռ եկավ պատի կողմը, գլուխը քիչ բարձրացրեց բարձի վրայից, հազաց, հազաց և անկողնի տակից հանելով թաշկինակը, թքեց վրան։ Սարսափեցի. թաշկինակի վրա արյուն տեսա, որ առաջ երբեք չէի տեսել։

— Գրիգո՜ր, այդ ի՞նչ է,— բացականչեցի ակամա։

— Ի՞նչ է,— հարցրեց հազիվ հանգստացած, բայց սաստիկ թուլացած ընկավ բարձի վրա։

— Արյո՞ւն ես թքում։

— Է՜հ, հիմար բան է,— պատասխանեց, իբրև թե, արհամարհանքով,— արժե՞ ուշադրություն դարձնել։

— Վաղո՞ւց է, որ արյուն ես թքում։

— Վաղուց է։

Անհուն սիրով և միևնույն ժամանակ սարսափած՝ մի ձեռքով կամաց գրկեցի նրան. զգում էի, թե ինչպես սիրտս մարում է։ Ոչինչ չկարողացա արտասանել։ Նա կարծես հասկացավ, թե այդ րոպեին ինչ անցավ մտքովս և ինչ էր կատարվում իմ մեջ։ Նա շատ տխուր ու մեղմորեն ժպտաց, և ես կյանքումս չեմ մոռանալ այն հայացքը, որ նա այդ ժպտի