Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/45

Այս էջը հաստատված է

կանանց ամբոխը պատուհանի մոտից, միևնույն ժամանակ կցկտուր պատասխաններ տալով չորս կողմից իրեն ուղղված անհամբեր հարցուփորձերին։ Նույն հարցուփորձերով շրջապատել էին երեխային և մյուսներին, որոնք ներկա էին եղել խրճիթում կատարվածին։ Սատանաների անունն իր ազդեցությունը գործեց. ոմանք երեսները խաչակնքեցին, ոմանք ահ ու դողով բռնված՝ կարկամեցին, ոմանք էլ թերահավատներից՝ քթերը վեր քաշեցին, ասելով՝ «սատանեք, չէ՛ մի, ոտներ»։ Բայց ընդհանուր ժխորն այժմ միանգամից դադարեց։ Հետաքրքրությունն իր գագաթնակետին էր հասել. այժմ անհամբեր սպասում էին, թե ի՛նչ պիտի կատարվի ներսը, խրճիթում։

Իսկ խրճիթն առժամանակ խորհրդավոր լռություն էր պահպանում։

Մեկ էլ հանկարծ ներսից մի սարսափելի ճիչ լսվեց, որին հետևեցին սրտամաշ աղաղակներ։

Փողոցը մի րոպե քարացավ։ Հետո սաստիկ իրարանցում ընկավ։

Օսանը, որ մեջքը պատուհանի կողմն արած՝ ոչ ոքի մոտ չէր թողնում, արագ շուռ եկավ և ձեռքերն այտերի մոտ բռնած՝ ներս նայեց ապակուց։

Ամբոխը վրա վազեց դեպի պատուհանը։

Ներսից աղաղակները լսվում էին միալար և քանի գնում՝ սաստկանում էին։ Մեջ ընդ մեջ լսվում էին ինչ-որ բութ բանի դիպչող հարվածներ, կարծես ճիպոտով կապերտ էին թափ տալիս և ամեն մի հարվածին հետևում էր գրբացի հատու ձայնը, որ ասում էր, «ասա՛ սատանեքի անունը, ասա՛ սատանեքի անունը...»։

— Վո՛ւյ, քոռանամ ես, աղջի, ծեծում ա մաթրախով, ծեծում,— ճվաց Օսանը և երեսն ավելի պինդ կպցրեց ապակուն։

— Հա, էլի՛, հա, էլի՛, աղջի,— ասաց մի ուրիշ կին, որ նույնպես աչքերը չռած՝ նայում էր պատուհանից ներս։— Վո՜ւյ, վո՜ւյ, ո՜նց ա թակում, ձեզ մեռնեմ... Քա՛, քա՛, քա՛, ձեռներն ու ոտներն էլ կապել ա թոկով... Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, ո՜նց ա թեփռին-թեփռին գալիս, ձեզ մատաղ...

Ու, այլևս չկարողանալով դիմանալ, նա սկսեց ծեծել պատուհանը,