Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/450

Այս էջը հաստատված է
Թ
Թիֆլիս, 21 դեկտեմբերի 1880

Իմ սիրելի Հռիփսիմե,

Չեմ հիշում ո՞ր բանաստեղծն է ասում.— «թշվառությունը մենակ չէ գալիս», և այդ ճիշտ է։ Մեր անկումը որքան թշվառություններ բերեց իր ետևից և, ո՞վ գիտե, դեռ էլի որքա՜ն է բերելու։— Հայրս անդամալույծ եղավ և խելագարվեց, Գրիգորի դրությունն օր֊օրի վրա սկսեց վատթարանալ, մայրս ոտի վրա հալվում է, իսկ այժմ հերթը հասել է մյուս երկու եղբայրներիս.— մեծին, Արշակին, ահա երրորդ շաբաթն է գնում, ինչ հեռացրել են պաշտոնից արբեցողության համար, իսկ փոքրիկին— Գարեգինին, վռնդել են ուսումնարանից ծուլության համար։ Դրանք էլ պակաս թշվառություններ չեն մեր ներկա դրության մեջ, մանավանդ առաջինը՝ մեծ եղբորս անպաշտոն մնալը, որովհետև մեր ամբողջ ընտանիքի միակ հույսը նա էր։ Մեր նախկին հարստությունից դեռ էլի մի բան մնացել է մեզ և մենք դեռ բոլորովին նեղը չենք ընկել, բայց երբ այդ «մի բանն» էլ կհատնի և չքավորությունը (ո՞վ գիտե, գուցե և ծայրահեղ աղքատությունը) ներս մտնի մեր տուն, այն ժամանակ ի՞նչ պիտի անենք, ինչո՞վ պիտի ապրենք, ինչո՞վ պիտի կերակրվենք... Այժմից արյունս պաղում է, դառն, անտանելի դառն մտածմունքներ ճնշում են հոգիս, երևակայում եմ, թե մոտիկ ժամանակներում ի՜նչ սոսկալի վիճակ է սպասում մեզ։— Աղքատությո՜ւն... Անգի՛ն քույրիկ, արդյոք հասկանո՜ւմ ես, թե ինչ է նշանակում այդ բանը մեզ համար։— Աղքատությունը միշտ երևակայում եմ որպես հազար գլխանի մի հրեշ, որ մեզ իր սառը գրկի մեջ առած՝ իր սարսափելի ժանիքներով դժոխային անհագ բավականությամբ կամաց-կամաց պիտի քաղի մեր հոգին։ Ո՜հ, հազար անգամ ավելի լավ է, որ մարդ առաջուց մեռնի, քան մի օր անգամ զգա իրեն այդ սոսկալի հրեշի գրկի մեջ, ապա թե ոչ մարդս ամբողջապես երկաթից պիտի լինի կազմված, որպեսզի կարողանա տանել դրա բարոյական և ֆիզիկական բոլոր հալածանքները։ Գուցե խոսքերս քեզ չափազանցություն թվան, սիրելի քույրիկ, գուցե աղքատությունն իսկապես այնքան էլ սարսափելի չէ, ինչպես ես եմ նկարագրում, բայց ես ուրիշ