Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/452

Այս էջը հաստատված է

նոր արտասուք... Յուրաքանչյուրին յո՜ւրը։— Աշխարհի սկզբից մինչև այժմ բոլոր նոր տարիներն այդպես եկել են, այդպես էլ կգնան։ Անխոնջ ժամանակն յուր հավիտենական ընթացքի այդ որոշ շրջանառությունների սկզբնավորության մեջ միայն հաստատում է այն, ինչ որ ցանել են այն անշեղ, անիմանալի օրենքները, որոնք ընդհանուր անունով կոչվում են բախտ։ Եվ դեռ մարդիկ նախապաշարմունքներով են նայում Նոր տարու վրա. ագահ երջանիկները նոր ոսկի ժամեր են երազում, կարոտ թշվառները— մի քիչ պայծառ րոպեներ։ Երջանիկներ, դուք ստանում եք ձերը, բայց, թշվառնե՜ր, ինչո՞ւ դուք ստանում եք դարձյալ ա՜յն, ինչ որ արդեն ունեք։— Յուրաքանչյուրին յո՜ւրը,— հանդիսավոր կերպով աղաղակում է անտարբեր ճակատագիրը՝ անհոգ Նոր տարու հետ զուգընթաց սլանալով աշխարհի մի ծայրից մյուսը։

Մենք էլ ստացանք մերը, այսինքն՝ նոր թշվառություն, նոր արտասուք, նոր տանջանքներ... Ո՜հ, եթե կարողանայի գոռալ սրտով և խորին արհամարհանքով նայել անամոթ Նոր տարու զզվելի ժպիտներին, եթե՜ կարողանայի արգելել նրա մուտքը գիտակցությանս մեջ,— ես վիրավորված հպարտությամբ կնայեի նրա լիրբ երեսին, անտարբերությամբ կշրջեի նրանից դեմքս և սիրելով տանջանքներս՝ կփայփայեի նրանց սրտիս մեջ և հերոսաբար կտանեի նրանց։ Բայց մարդկային հոգեկան կազմը կամքին երբեք չի հպատակում. նա գործում է այնպես, ինչպես թելադրում են նրան բնության անկախ օրենքները։

Ո՜հ, թշվա՜ռ մարդ, ի՞նչ մեղք ես գործել...

Երեկ, Նոր տարու առաջին օրը, առավոտվանից փակվեցի սենյակումս և ողջ օրը մտադիր չէի դուրս գալու այնտեղից։ Նոր տարին կատաղության և ատելության մի այնպիսի զգացմունք էր ներշնչել ինձ, որ ես այդ օրը կատարելապես ոչ ոքի չէի ուզում տեսնել— ո՛չ հորս, ո՛չ մորս, ո՛չ եղբայրներիս, ո՛չ ոքի. ես ուզում էի կենտրոնանալ միայն իմ մեջ, ես ուզում էի մոռանալ ամենքին և ամեն ինչ... Ի՞նչ է ուզում ինձանից Նոր տարին,— ասում էի ինքս ինձ,— երբ ես նրանից ոչինչ չեմ ուզում։— Եվ, իրավ, եթե հաստատապես