Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/453

Այս էջը հաստատված է

գիտենայի— և այդ հնարավոր լիներ — որ Նոր տարին այդ օրի պիտի վերադարձներ ինձ վաղաթռիչ ոսկի անցյալս, ես կմերժեի և ներկա թշվառությանս մեջ ինձ երջանիկ կհամարեի, եթե այսօր նա անցներ մոտովս և ուշք չդարձներ վրաս, իբր թե աշխարհիս երեսին այդ օրվա հազարավոր մեռածներից մեկն էլ ես եմ։ Եվ կհավատա՞ս արդյո՞ք, քույրիկ, այդ ժամանակ ես ինձ բնավ թշվառ չէի զգում։ Արդյոք այդ նրանի՞ց է, որ ես չափից դուրս արդեն թշվառ էի, թե՞ նրանից՝ որ Նոր տարու դեմ սաստիկ կատաղության զգացմունք էի զարթել իմ մեջ— չգիտեմ, միայն այս ճշմարիտ է, որ ես այդ ժամանակ առաջվա պես չէի տանջվում։ Մի տեսակ կաշկանդումն էր տիրել ինձ, ես ինձ վեհանձն, սառնասիրտ էի զգում, կարծես մեկն ինձ սաստիկ վիրավորել էր, և ես երբեք չէի կարող նրան ներել։ Ես հպարտանում էի դրությունովս, և այժմ էլ զգում եմ, թե ինչպիսի արհամարհանքով էի նայում անգամ ինձ շրջապատող առարկաներին։

Օրը շատ տխուր էր, երկինքը պատած էր այն ծանր, միակերպ մոխրագույն մառախուղով, որ նայողի վրա ծուլություն և քուն է բերում։ Ձյունը գալիս էր սաստկությամբ, նրա փաթիլներն անթիվ համատարած ճանճերի նման օդի մեջ միմյանց խառնվելով և կարծես գոհ իրենց վիճակից՝ թեթև կերպով թափվում էին գետին։ Քամու թեթև շունչն ընդհանուր հոսանքից երբեմն շեղում էր մի քանի փաթիլներ և հազիվ լսելի ձայնով խփում էր լուսամուտիս ապակիներին։ Սենյակումս ցուրտ էր. վառարան վառում ենք միայն հորս և Գրիգորի սենյակում։ Շալի մեջ փաթաթվելով, վերցրի Դոստոևսկին և սկսեցի կարդալ, թեև կարդալու ամենևին ցանկություն չունեի։ Ես ուզում էի մի կերպ սպանել այդ անտանելի օրը և դրա համար պատրաստ էի ամեն բան անել։ Դոստոևսկին ես երբեք չեմ սիրել, առաջ մի քանի անգամ փորձել էի կարդալ և ամեն անգամ էլ հենց առաջին երեսների վրա ձանձրացել ու շպրտել էի մի կողմ, բայց այս անգամ— չգիտեմ ինչո՞ւ նա գրավեց ինձ։ Թեև սկզբում կարդում էի մեքենայաբար և կարդացածիցս համարյա ոչինչ չէի հասկանում, բայց հետզհետե մտառությունս լարելով՝ այնպիսի հետաքրքրությամբ սկսեցի կարդալ, որ ի վերջո