Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/455

Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ ես այս ցուրտ սենյակում նստել, խո կմրսես։

— Ես վճռել եմ այսօր այս սենյակից բոլորովին դուրս չգալ,— ինքս էլ չիմանալով, թե ինչ բանի համար՝ բարկացած պատասխանեցի և Դոստոևսկին նորից ձեռքս առա։

— Ես քեզ ի՞նչ եմ արել, որ ինձ վրա բարկանում ես, Աննա,— կարճ լռությունից հետո ասաց մի այնպիսի անմեղ և տխուր եղանակով, որ կարծեցի, թե սիրտս հազար կտոր արին։

— Իսկ ե՞ս քեզ ինչ եմ արել, որ ինձ այդպես տանջում ես,— աղաղակեցի, գիրքը շպրտելով հատակի վրա և, դեմքս ծածկելով ձեռքերիս մեջ, սաստիկ ցնցողաբար լաց եղա։

— Երբ որ այդպես է, դուրս կգնամ,— կարծես ներողություն խնդրելով, ասաց և ուղղվեց դեպի դուռը։

— Դու ինձ չես հասկանում, մա՛յրիկ,— բացականչեցի ես խղճահարված և անտանելի տանջանքով։— Ես բարկանում եմ ոչ թե քեզ վրա— դու ինձ ի՞նչ ես արել, իմ խե՛ղճ, իմ քաղցրիկ մա՛յրիկ— այլ բարկանում եմ... ինձ վրա... միայն ի՜նձ վրա... հիմարությանս վրա, բնավորությանս վրա, մտածմունքներիս վրա, տանջանքներիս վրա...

— Ա՜ննա, սի՛րելիս,— իր մեղմ, տխուր, փաղաքշող ձայնով արտասանեց նա,— եթե քեզ չես խղճում, գոնե ինձ խղճա։ Ներկա դրությունս մի՞թե բավական չէ, որ ուզում ես նոր հոգսեր և տանջանքներ էլ պատճառել ինձ։ Տեսնո՞ւմ ես ինչ եմ դառել այս մի քանի ամսվա մեջ...

— Այլևս չեմ անի, անգի՛ն մայրիկ, ների՛ր ինձ,— բացականչեցի և անհուն սիրով փաթաթվեցի նրա վզովը։

Այդ րոպեին ի՜նչ չէի անի, ի՜նչ զոհաբերություններ, միայն թե նրան հավատացրած լինեի, որ նրա յուրաքանչյուր տանջանքն ինձ համար հազարավոր տանջանքներ արժե։

Նա ձեռքով կամաց փաղաքշեց գլուխս և ասաց.

— Աննա ջան, մտածմունքների անձնատուր մի՛ լինիր և խուսափիր մենակությունից։ Ինչո՞ւ այսօր փակվել ես այստեղ և չես ուզում դուրս գալ... Ավելի լավ չի՞ լինի, որ գնաս Գրիգորի մոտ և խոսես նրա հետ կամ թե՝ եթե ուզում ես կարդալ, կարդաս նրա մոտ, որպեսզի նա էլ զբաղվի, խեղճը պառկած է մենակ։