Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Այս էջը հաստատված է

հետո դարձավ դեպի ամբոխը և աղաղակեց.

— Աղջի, ի՞նչ եք ըստեղ փետացել, գնացեք բաց անիլ տվեք դուռը, սպանեց, է՜, սպանեց էն խեղճ աղջկան...

Բայց մինչ զարմանքից քարացած ամբոխը տեղից կշարժվեր, Օսանն ամենից առաջ վազեց դեպի դուռը և սկսեց ծեծել: Նրան հետևեցին ուրիշները։ Եվ բազմաթիվ ձեռքերի կատաղի հարվածներ էին, որ իջնում էին հնությունից փայտոջիլներով ծածկված խարխուլ դռան տախտակներին։ Այդ հարվածների ձայնը, ներսից լսվող Մարթայի աղեկտուր աղաղակները, դուրսն ամբոխված կանանց և երեխաների դժվժոցը մի կատարյալ Սոդոմ-Գոմոր էին դարձրել փողոցը։

Թորոսը վեր էր կացել նստած տեղից և իր երերուն ոտների վրա հազիվ կանգնած, ծեր գլուխը հազիվ տմբտմբացնելով, ապուշի պես նայում էր մեկ սրան, մեկ նրան և հարցնում.

— Ի՞նչ ա, ի՞նչ ա...

* * *

Այդ միջոցին այրի Օսանի պսակած տղան, որին թաբախ ման ածող Ցական էին ասում (նա շրջիկ մրգավաճառ էր), տուն դարձավ դատարկ թաբախը գլխին, կշեռքն ուսին, չիբուխը բերնին։ Նա մի րոպե կանգ առավ իրենց դռան առջև, անտարբեր նայեց փողոցում աղմկող կանանց ամբոխին, կարծելով, թե կանացի սովորական մի կռիվ է, որպիսին համարյա թե ամեն օր պատահում էր թաղում, բայց տեսնելով, որ դա սովորական ղալմաղալներից չէ, այլ ինչ-որ մի արտակարգ բան է կատարվում, թաբախը դրեց գետնին, կշեռքը հանեց ուսից, թասակի հետ գցեց թաբախի մեջ և, չիբուխը հանելով բերնից, հարցրեց մոտ վազող կնոջը.

— Էս ի՞նչ խաբար ա։

Կինը, չափազանց հուզված, կցկտուր խոսքերով պատմեց նրան եղելությունը։

— Էն Մարթեն ա բղավո՞ւմ,— հարցրեց Ցականը ուշադիր լսելուց հետո։

— Հա բա՛, հա բա՛,— պատասխանեց կինը լացակումած:—