Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/460

Այս էջը հաստատված է

և անհամբերությունները մի կողմ թողնելով (այդ մասին կարծեմ գրել եմ քեզ), մեր սենյակների նախկին շռայլ, փառավոր զարդարանքների և կահավորման հետքն անգամ չես կարող գտնել այժմ, դաշնամուրիցս, իմ սիրելի դաշնամուրիցս սկսած մինչև վերջին բազկաթոռը, մինչև լուսամուտի վերջին վարագույրը— բոլորը վաճառեցին աճուրդով։ Խոհարարի, աղախնի և ծառաների մասին, իհարկե, ավելորդ է անգամ խոսել. չունենք գոնե մի հատիկ ծառա, որին փողոց ուղարկենք։ Ամեն բանի մեջ— ուտելում, խմելում, հագնելում— սաստիկ խնայողություն ենք անում, անում ենք ճարահատյալ։ Էլ չեմ գրում, թե այդ բոլորը ո՜րքան զգալի է մեզ համար, այդ ինքդ էլ կարող ես երևակայել... Տանը գտնված ավելորդ ոսկեղենը և արծաթեղենն արդեն սկսել ենք վաճառել։ Առավելապես մեզ քանդում են բժիշկների վարձն ու դեղորայքը. գոնե դրանից մի զգալի օգուտ լիներ հորս կամ եղբորս։ Ահա ամբողջ չորս ամիս է, որ այդ բժիշկները ջանասիրությամբ հաճախում են մեր տուն և չնայելով դրան, հորս դրությունն այժմ էլ համարյա նույնն է, ինչ որ առաջ, իսկ Գրիգորի առողջությունն, ընդհակառակն, օր֊օրի վրա ետ ու ետ է գնում...

Հա, բժիշկներ ասացի, միտս եկավ։ Անցյալ անգամները (այդ մասին կարծեմ, քեզ չեմ գրել) հորս բժիշկը— (դու պետք է որ ճանաչում լինես այդ պարոնին) դառնում է մեզ և ասում է ծածուկ, թե հորս այլևս ոչինչ չի օգնիլ և իզուր համ նա է չարչարվում (ասա խեղճն ի՞նչ է չարչարվում), համ մենք. «Եթե ուզում եք, ասում է, այնպիսի դեղ կտամ, որ վերջնականապես կորոշի նրա վիճակը»։ Հասկանո՞ւմ ես, սիրելի քույրիկ, թե դրանով ինչ էր ուզում ասել. ուզում էր ասել՝ ձեր հոր կյանքն իմ ձեռքին է. ուզո՞ւմ եք, ես նրան կսպանեմ... Զարմանքից, սարսափից և կատաղությունից չգիտեի ինչ պատասխանեմ։ Սառնասրտությունս կատարելապես կորցնելով, պատրաստ էի մի ապտակ տալ նրա գեր երեսին և կտայի, եթե նա, նայելով, թե բանն ինչումն է, իսկույն չհեռանար։ Ես աղաղակեցի նրա ետևից, որ նրա ոտն այլևս չլինի մեր տանը։ Երբ նա գնաց, ես լաց եղա, որովհետև որդիական ամենասուրբ, ամենաքնքուշ զգացմունքներս