Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/464

Այս էջը հաստատված է

Էր, որ տեսնում էի նրան այդպես հուսահատված և լաց լինելիս։ Իսկ առաջ նրա դեմքի վրա երբեք չէի տեսել հուսահատության ոչ մի գիծ, աչքերի մեջ արտասուքի ոչ մի կաթիլ. նա միշտ խրախուսում էր մեզ, հանդիմանում, երբ տեսնում էր, որ մենք այնպես շուտ ընկնում ենք հոգով, և ամեն անգամ կարողանում էր մեզ վրա ներգործություն ունենալ։ Իսկ ա՞յժմ, ա՞յժմ։

Նրա աղաղակն ու հեկեկանքն ամեն բանից էլ լավ էր բացատրում, թե որքան փշրված էր նրա ուժեղ կամքն արտաքին ծանր հանգամանքներից... «Ախ, ինչո՞ւ ես հիվանդ եմ»,— աղաղակում էր նա այն ժամանակ, երբ ես նրան ասում եմ, թե պատրաստ եմ աշխատելու։ Այդ խոսքերն երբեք չեմ մոռանալ, դրանք արտասանված էին այնպիսի տանջանքով և այնպիսի անկեղծ սրտով, որից երևում էր, թե որքան անկեղծ և անհուն էր նրա եղբայրական սերը դեպի ինձ...

Ամեն կերպ աշխատեցի հանգստացնել նրան, բայց նա այն աստիճան հուզվել էր, որ այլևս չկարողացավ խոսել ինձ հետ։ Ավելի լավ համարեցի նրան մենակ թողնել և դուրս եկա շատ ծանր տրամադրությամբ, «Թող քույրդ աշխատի» խոսքերը բնավ մտքիցս չէին հեռանում... Բայց ամենից ավելի ինձ մտատանջում էր այն հանգամանքը, որ Գրիգորի հուզմունքը անվնաս չէր կարող անցնել նրա առողջության համար։ Եվ, դժբախտաբար, այդպես էլ եղավ,— այսօր նրա դրությունը շատ վատ է։

Դեպի քեզ ունեցած սաստիկ կարոտս է, սիրելի Հռիփսիմե, որ այսքան երկար նամակներ եմ գրում քեզ,— այդ միևնույն է, թե խոսում եմ քեզ հետ։ Սիրտս սաստիկ լցված է։ Վշտերս ուզում եմ բաժանել մեկի հետ և բացի քեզնից էլ ո՞վ ունեմ... Ախ, եթե այժմ մոտս լինեիր, միակ կարեկիցս, ինչպե՜ս ջերմագին կսեղմեի քեզ վշտահար կրծքիս...

Քո Աննա Սարոյան