Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/466

Այս էջը հաստատված է

քո աչքերից էլ փոքր-ինչ արտասուք թափվի.— նա արժանի է դրան։

Նա մեռավ սրանից ուղիղ երկու շաբաթ առաջ, նույն ամսի 16-ին, երեկոյան մոտ 5 ժամին։ Այդ նշանավոր օրը շատ լավ հիշում եմ։ Գարունն այստեղ շատ վաղ եկած լինելով, եղանակը հիանալի էր և այնքան տաք, որ մինչև անգամ լուսամուտները բաց էինք արել։ Մեր տեղափոխվելուց հետո, առաջին անգամն էր, որ մենք այս տանը պարզ օդ էինք ծծում։ Գրիգորը պառկած էր լուսամուտի առաջ. երկու օր առաջ նա խնդրել էր, որ մահճակալն այնտեղ տեղափոխենք։ Վերջին անգամ ուզում էր տեսնել գարնան պայծառ արևը, նայել կապույտ երկնքին և տեսնել, թե ինչպես ուրախ ծիծեռնակները գալիս նստում են բակում կապած թոկի վրա, օրորվելով ճլվլում են և նորից թռչում գնում։ Այդ հինգերորդ օրն էր, որ այլևս չէր կարողանում վեր կենալ անկողնից։ Մենք բոլորովին չէինք կարծում, թե այդ օրը կմեռներ, որովհետև մեռնելուց մի քանի ժամ առաջ նրա դրությունը նույնն էր, ինչ որ մի քանի օր առաջ, մինչև անգամ լավ էր։ Բայց երևի ինքն այդ իմանում էր, որովհետև նույն օրն առավոտյան հատուկ խնդրեց ինձ, որ չհեռանամ մոտից։ Այդ օրը սովորականից ավելի քնքուշ էր թե՛ դեպի ինձ, և թե՛ դեպի մայրս, որի մի ոտը հորս սենյակումն էր, մյուսը նրա մոտ։ Այդ օրը սովորականից շատ էլ էր խոսում ինձ հետ։ Իսկ երբեմն մերթ ուրախ էր լինում, մերթ հանկարծ տխրում և մտածության մեջ ընկնում։ Մի անգամ էլ ուրախ խոսելուց հետո, հանկարծ լռեց, գլուխը դարձրեց դեպի լուսամուտը և դուրս նայելով, ընկղմվեց մտածմունքների մեջ։ Չուզեցի խանգարել նրան, և փոքր-ինչ կռանալով դեպի նա, սկսեցի նայել դեմքին։ Աստվա՜ծ իմ, որքա՜ն փոխված էր այդ դեմքը, իմ ճանաչած սիրուն, կանացի դեմքը.— նիհար, չոր, գունատ. կարծես մի կաթիլ արյուն անգամ չկար նրա երակների մեջ։ Փոքրիկ, կանոնավոր քիթը, որ միշտ ներդաշնակ գեղեցկություն էր տվել նրա դեմքին, կարծես սաստիկ մեծացած, դուրս էր ցցվել սեղմված պնչերով։ Աչքերը խոր էին ընկել և մեծացել, իսկ պարզ, լայն ճակատը կարծես ավելի լայնացել էր։ Չգիտեմ ինչ էր պատճառը, բայց ինձ թվում էր, թե առաջին անգամն եմ տեսնում նրան այդքան