Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/467

Այս էջը հաստատված է

փոխված։ Երկար ժամանակ նա անշարժ կար նույն դրության մեջ։ Մի ինչ-որ անորոշ զգացմունք, կարծես, չէր թողնում ինձ, որ խանգարեմ նրա մտածմունքները, իսկ ինձ թվում էր, թե այդ մտածմունքները թանկ արժեն նրա համար։ Լուռ և խորին վշտով նայում էի նրա դեմքին, երբ հանկարծ նրա շրթունքները բացվեցին, և նա կամաց, շատ կամաց, կարծես ինքնիրեն շշնջաց.

— Ի՜նչ սիրուն բան է գարունը... Ակամա սիրում ես կյանքը, ինչքան էլ որ լի լիներ ձախորդություններով... ակամա ուզում ես ապրել, սիրել և...

Լռեց և դեմքը կամաց դեպի ինձ դարձրեց.

— Ուղիղ ասա, քույրիկ, առաջվա նման դարձյա՞լ մտածում ես...

— Ոչ, Գրիգո՛ր, ես աղոթում եմ,— պատասխանեցի ջերմեռանդ զգացմունքով։

Տեսա, թե ինչպես նրա դեմքը պայծառացավ։ Նա առավ ձեռքս և սեղմեց։

— Աղոթի՛ր, սիրելի՛ քույրիկ,— պատասխանեց, կարծես, ուժ ստացած։— Աղոթի՛ր, միայն աղոթքը կարող է փրկել քեզ կյանքիդ ծանր րոպեներում... Հավատա ինձ, որ երբեք չես զղջա, եթե չմոռանաս իմ այս անկեղծ խորհուրդը։ Ճշմարիտ է, թեև կյանքի ձախորդություններն երբեմն շատ մոլորությունների պատճառ են դառնում, բայց մարդս այդպիսի դեպքերում միշտ աչքի առաջ պիտի ունենա, թե ո՛վ և ի՛նչ է ինքը, երբեք չպիտի մեռցնե իր մեջ հավատը, հույսը, երբեք չպիտի մոռանա աղոթել, կարծելով թե այդպիսով ինքը վրեժխնդիր է լինում.— այդ չափից դուրս անմտություն կլիներ մարդու կողմից... Հավատա ինձ, որ ձախորդություններն ու թշվառությունն էլ ունեն հոգեկան իրենց վսեմ քաղցրությունը, ինչպես առողջությունն ու երջանկությունը, միայն թե մարդ բնավ չկորցներ հավատը, հույսը, բնավ չմոռանար աղոթել... Այդ սովորեցրել է ինձ ինքը կյանքը, և դու առանց կասկածելու հավատա ինձ։

Ես լսում էի նրան խորի՛ն երկյուղածությամբ, լսում էի ո՛չ թե իբրև մի քսան տարեկան անփորձ երիտասարդի, այլ որպես մի պատկառելի, փորձության բովից անցած ծերունու, մի երկնառաք մարգարեի, որ տարածում է աստծո խոսքը...