Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/471

Այս էջը հաստատված է

շտապով դուրս գնացի, որպեսզի այլևս ոչինչ չտեսնեմ, ոչինչ չլսեմ...

Երբ քառորդ ժամից հետո դարձյալ ներս մտա, մայրս հորս արդեն դուրս էր տարել։ Գրիգորը պառկած էր երեսն ի վեր և ձեռքով ծածկել էր դեմքը։ Երբ մոտեցա նրան, ձեռքը հեռացրեց դեմքից։ Ինչքա՜ն վիշտ տեսա այդ դեմքի վրա... Աղերսող հայացքով նայեց ինձ և առավ ձեռքս։

— Աննա՛,— արտասանեց դողդոջուն ձայնով,— դու գիտես, թե ինչպես կնայես հայրիկին ու մայրիկին։ Բացի քեզնից, նրանք ո՛չ ոք չունեն, օգնիր նրանց, ինչպես կարող ես։

Ապա սեղմեց ձեռքս, թողեց և պատասխան չպահանջեց, չպահանջեց արդյոք նրա՞ համար, որ հասկանում էր, թե որպիսի ծանր պարտականություն էր դնում ինձ վրա, թե՞ նրա համար, որ հույս ուներ ինձնից— չգիտեմ, միայն այդ մասին այլևս ոչինչ չխոսեց։

Նրա մահվան ներկա էինք միայն ես, մայրս և Թոմաս Գասպարիչր, որ հենց նոր էր եկել և, իմանալով, թե բանն ինչումն է, սաստիկ տխուր նստած էր մի կողմը։ (Եղբայներս՝ եղանակը լավ լինելու պատճառով՝ այդ օրը դուրս էին գնացել և դեռ տուն չէին եկել, ո՛վ գիտե որտեղ էին թափառում)։ Նա խնդրեց, որ քահանա կանչենք։ Թոմաս Գասպարիչը գնաց քահանայի ետևից։ Քահանան եկավ։ Ինչպիսի սրբազան ջերմեռանդությամբ ընդունեց հաղորդությունը... Մեռնելուց առաջ համբուրեց մորս ձեռքը, հետո— իմը, իսկ ամենից վերջը Թոմաս Գասպարիչինը, որն, այլևս չկարողանալով դիմանալ, սկսեց երեխայի նման լաց լիներ Այնուհետև վերջին հայացքը— վշտալից, աղերսող հայացքը — ձգեց ինձ վրա և համարյա նույն րոպեին էլ հոգին ավանդեց... Ոչ, հոգին չավանդեց— հոգին ավանդելիս, ասում են, մարդ սարսափելի է լինում, բայց այդպիսի բան ես բոլորովին չնկատեցի նրա մեջ— այլ աչքերը փակեց և քնեց, քնեց, որպեսզի այլևս երբեք չարթնանա... Երբ աչքերը փակեց, ես բոլորովին չէի կարծում, թե մեռավ, բայց մայրս այդ իսկույն հասկացավ։ Նա նախ մի տեսակ բութ, անմիտ հայացքով մեքենայաբար նայեց ինձ, հետո թույլ, շատ թույլ ձայնով, կարծես ուժասպառ ճչաց և, գլուխը դնելով մեռած որդու գլխի մոտ՝ բարձի վրա, մի ձեռքով գրկեց նրա կուրծքը։ Սաստիկ