մի դող ցնցեց ողջ մարմինս. ես հասկացա, որ եղբայրս մեռավ։ Աչքերս մթնեցին, ծնկներս թուլացան և այնուհետև այլևս ոչինչ չզգացի։ Երբ ուշքի եկա, տեսա, որ պառկած եմ սենյակումս՝ մահճակալիս վրա, մայրս նստած է կողքիս՝ սառը, գունատ, չոր դեմքով, իսկ Թոմաս Գասպարիչը— դիմացը՝ աթոռի վրա, վշտից սառած ու կուչ եկած։ Սկզբում կարծեցի, թե առավոտ է և նոր եմ զարթնում, բայց երբ նայեցի մորս, նայեցի Թոմաս Գասպարիչին, նայեցի շուրջս, դարձյալ մորս, դարձյալ Թոմաս Գասպարիչին— արդեն եղելությունը պարզվեց ինձ համար։ Եվ մինչև հիմա էլ զարմանում եմ, թե այդ ժամանակ ի՛նչպես կարողացա այնքան հանգիստ լինել,— ո՛չ մի հառաչանք, ո՛չ մի արտասուքի կաթիլ, ո՛չ մի դառնություն, ո՛չ մի վիշտ. կարծես մեռած էի և զգում էի, որ մեռած եմ։ Ասում էին կեր՝ ուտում էի, խմիր՝ խմում էի, հագիր՝ հագնում էի, բեր այսինչը՝ բերում էի, տար այսինչը՝ տանում էի, արի՝ գալիս էի, գնա՝ գնում էի, մի խոսքով՝ անում էի, ինչ որ ասում էին, և արածս ոչ հասկանում էի, ոչ զգում։ Եվ եթե այժմ հարցնես ինձ, թե ինչպես թաղեցինք եղբորս, ով կար հուղարկավորությանը և այլն — ոչինչ չեմ կարող ասել։ Այսքանը միայն մութ կերպով երազի նման հիշում եմ, որ ինձ սևեր հագցրին, ձեռքս մի թաշկինակ դրին, թեև թաշկինակի կարիք չունեի, ձեռքիցս բռնեցին, տարան եկեղեցի, և դարձյալ ետ բերին։ Այս էլ հիշում եմ, որ եկեղեցում համբուրեցի նրա ճակատը, դարձյալ համբուրեցի, դարձյալ... էլ ոչինչ չեմ հիշում։ Իսկ այժմ, երբ այդ ժամանակից անցել է ամբողջ երկու շաբաթ, երբ ամեն օր մտնում եմ նրա սենյակը և ամբողջ ժամերով ձեռքերս խաչած՝ նստում եմ նրա դատարկ մահճակալի վրա— ի՞նչ եմ զգում ես... Փառք և գոհություն նրան, ով տնօրինում է մարդկային բախտը։ «Աղոթքը, միայն աղոթքը կարող է փրկել քեզ կյանքիդ ծանր րոպեներում»— ասաց նա։ Օրհնյա՜լ լինի քո հիշատակը իմ սիրելի, իմ անգի՛ն եղբայր։
Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/472
Այս էջը հաստատված է
Քո Աննա Սարոյան