Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/474

Այս էջը հաստատված է

չէի ուզում հավատալ, թե այդքան փոխվել եմ։ «Կամ այս իմ լուսանկարս չէ, կամ թե հայելին է ինձ խաբում»— ասում էի ինքս ինձ։ Լուսանկարը ներկայացնում է մի գեղեցիկ, մի կայտառ օրիորդ, որի աչքերն երջանկությամբ և չարաճճի կերպով ժպտում են, իսկ հայելու մեջ տեսնում էի սաստիկ նիհար, սաստիկ գունատ, կարծես ծերացած մի աղջիկ, որի անկենդան, մեքենայական հայացքը, կարծես, ասում է... ի՞նչ է ասում.— որոշ ոչինչ, բայց մի բան ասում է, որ ոչ ինքն է հասկանում, և ոչ ուրիշը կարող է հասկանալ... Դառնացած դեն շպրտեցի լուսանկարս և հեռացա հայեյուց...

Այստեղ սաստիկ շոգեր են։ Ամառանոցի սովոր լինելով, շատ դժվարությամբ եմ կարողանում դիմանալ։ Համարյա ողջ օրը սենյակիցս դուրս չեմ գալիս։ Միայն գիշերներն և առավոտյան կարողանում եմ ազատ օդ շնչել։ Ների՛ր, սիրելիս, սաստիկ հոգնեցի. էլ ոչինչ չեմ կարող գրել։

Ընդունիր կարոտալից համբույրներս։

Քո Աննա Սարոյան
ԺԵ
Թիֆլիս, 27 հուլիսի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Այժմ փառք աստծո, բավական լավ եմ զգում ինձ, միայն շոգերն են սաստիկ նեղացնում։ Երբեմն երեկոները, լավ եղանակներին, դուրս եմ գնում փոքր-ինչ զբոսնելու և շուտով էլ վերադառնում եմ։ Հարցնում ես՝ մի՞թե եղբայրներս դարձյալ պարապ են։ Ոչ. մեր նախկին հարուստ «բարեկամներից» մեկը վերջապես «խղճաց» մեզ և երկուսին էլ ընդունեց իր մագազինը, բայց այն պայմանով, որ նրանք իրենց լավ պահեն։ Եվ այժմ, փառք աստուծո, նրանք տակավին իրենց լավ են պահում, և եթե բանը միշտ այդպես գնա, մենք գոհ կլինենք։ Այդ շատ լավ եղավ, եթե եղբայրներս դարձյալ պարապ մնային, հավատա, որ քաղցած կմեռնեինք։ Մորս հիվանդության միջոցին մեր վերջին կոպեկները ձեռքներիցս գնացին, և մենք մնացել էինք տարակուսած՝ թե ինչ պիտի անենք։