Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/475

Այս էջը հաստատված է

Այժմ եղբայրներիս գործի կանգնելով, կարող ենք փոքրիշատե տանելի կյանք ունենալ։

Ես արդեն վերջնականապես հաշտվել եմ դրությանս հետ, ներկան ինձ այնպես սարսափելի չի թվում, ինչպես երևակայում էի առաջ։ Միայն եղբորս վաղահաս մահը սրտիս մեջ թողել է մի այնպիսի խոց, որ երբեք և ոչ մի բանով չի կարող բուժվել։ Ամեն օր, ամեն ժամ նա կարծես կենդանի կանգնած է աչքիս առաջ, իսկ երազումս համարյա ամեն գիշեր տեսնում եմ նրան։ Նրա մեռնելուց հետո առանց տանջվելու չէի կարողանում մոտենալ նրա գրքերին և տետրակներին։ Ամեն անգամ, որ տեսնում էի այդ գրքերն ու տետրակները պահարանում դարսած, իսկույն մի տեսակ սաստիկ-սաստիկ ճմլվում էր սիրտս, և անցյալի հիշողությունները մեկը մյուսի ետևից ակամա զարթնում էին իմ մեջ։ Բայց երեկ — չգիտեմ ինչո՞ւ— սիրտս ձգտում էր դեպի այդ գրքերն ու տետրակները— ուզում էի քրքրել նրանց, ուզում էի թերթել, ուզում էի ծայրեծայր կարդալ տետրակները, և ինձ թվում է, թե այդպիսով— նա ինքը՝ կենդանի կանգնած իմ առաջ՝ խոսելիս կլինի ինձ հետ։ Այդ պատճառով մոտեցա պահարանին և բաց արի դուռը։ Գրքերն ու տետրակները դարսված էին իրենց կարգով, այնպես, ինչպես նա վերջին անգամ ինքն իր ձեռքով դարսել էր։ Կարգապահությունն ու մաքրությունն առհասարակ նա սաստիկ սիրում էր, և ես երբեք չէի տեսել, որ նրա գրքերը կամ տետրակները խառնիխուռն թափված լինեին— ամեն ինչ իր տեղը, ամեն ինչ մաքուր։ Բայց այդ անգամ գրքերի և տետրակների վրա բավական փոշի էր նստել։ «Իսկ նրա վրա ահագին շերտ հող էր նստած»— մտածեցի ես, դողդոջուն ձեռքով մի առ մի վերցրի գրքերն և սկսեցի փոշին սրբել։ Այդ վերջացնելուց հետո, վերցրի բոլոր տետրակները, ցած բերի և, նախապես նրանց վրայից էլ փոշին սրբելով, սկսեցի մի առ մի թերթել։ Այդ բոլորն ուսանողական տետրակներ էին, որոնց մեջ իրեն հատուկ մաքուր և գեղեցիկ գրերով գրել էր դասերը։ Այդ տետրակների մեջ գտա և նրա հիշատակարանը։ Ինչպես մի անգին գյուտի վրա, վրա ընկա այդ տետրակին և ահագին հետաքրքրությամբ սկսեցի թերթել։ Ա՜խ, ինչպե՜ս տրոփում էր սիրտս, ինչպիսի տանջանքով և սիրով սեղմում էի այդ տետրակը սրտիս, ինչպես ջերմագին