Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/476

Այս էջը հաստատված է

համբուրում էի այն և թրջում արտասուքով... Մի անգամ, երբ կգաս այստեղ, սիրելի Հռիփսիմե, այդ տետրակը կկարդամ քեզ մոտ, և կտեսնես, թե ինչպիսի տղա էր նա, այդ տետրակի մեջ նա թափել էր իր բոլոր միտքն ու հոգին։ Բայց այժմ ես այնտեղից կարտագրեմ նրա բանաստեղծություններից մեկը (հիշատակարանի մեջ բավական թվով բանաստեղծություններ էլ ունի գրած), որ, ինչպես ամսաթիվը ցույց է տալիս, նրա վերջին գրածն է և գրել է մահից մի շաբաթ առաջ։ Այդ բանաստեղծությունը մի ամփոփ գաղափար կտա քեզ նրա հոգեկան աշխարհից։

Հասել է ժամը։ Շուտով նորաբաց,
Մանուկ արևս պիտի խավարի.
Դեռ կյանք չտեսած, դեռ չվաստակած՝
Մարմինս հողը պիտի ավերի։

Ա՜խ, ինչպե՜ս, ինչպե՜ս ուզում եմ ապրել,
Ապրել և գործել, գործել և տոկալ,
Ինչպես ջերմագին ուզում եմ սիրել,
Ամենքի համար աղոթել և լալ...

Խե՜ղճ, անբա՜խտ եղբայր... Ի՜նչպիսի կյանքի ծարավ, ի՜նչքան անկեղծ, խոր զգացմունք, ի՜նչքան տանջանք... Մի՞թե այդպիսի եղբորը երբևէ կարելի է մոռանալ, իմ անգի՛ն քույրիկ։ Երեկվանից դես անընդհատ մտածում եմ նրա մասին և որքան շատ եմ մտածում, այնքան ավելի եմ զգում, թե որքան մեծ և անփոխարինելի է իմ կորուստը։ Գիշերս բոլորովին չկարողացա քնել, ակամա արտասուքը հանդարտ հոսում էր աչքերիցս և թրջում էր դեմքս, անկողինս— և ես դողդոջուն ձեռքերս սաստիկ հուսահատությամբ ու տանջանքով տարածում էի օդի մեջ՝ գոնե նրա ուրվականը գրկելու համար... Ա՜խ, նրա հիշատակարանն ամեն ինչ տակնուվրա արեց իմ մեջ... Դարձյալ սկսում եմ առաջվա նման... Ո՛չ, այլևս ոչինչ չեմ գրի այս մասին, միշտ միևնույն երգը... Գուցե արդեն ձանձրացրել եմ քեզ։

Մնաս բարյավ, իմ սիրելի քույրիկ, ցնոր գրություն։

Քո Աննա Սարոյան