Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/485

Այս էջը հաստատված է

ասելու չէր անցնում մոտովս, եթե հանդիպում էինք իրար։ Երբեմն էլ, երեկոները, հրավիրում էր ինձ պատշգամբում միասին թեյ «անուշ անելու» և նարդի գցելու կամ «աշխարքի բաներից» մասլահաթ անելու։ Շատ էր սիրում խոսել քաղաքականությունից և երբեմն ինձ զարմացնում էր նրա անսխալ ծանոթությունը քաղաքական անցքերին և անձերին։ Լեզուն Թիֆլիսի բարբառն էր, բայց ոչ զուտ Թիֆլիսի բարբառը, որն արդեն մեռնելու վրա է, այլ խառն գրական բազմաթիվ բառերով,— հետևանք՝ մեր մտավոր-հասարակական կյանքի մեջ վերջին քսանամյակում կատարված զգալի փոփոխության։ Բայց և այնպես &Թիֆլիսի բարբառին հատուկ արտասանությունը գրական բառերն էլ ներկել էր իր որոշ գույնով։ Դեռևս այն ժամանակ, երբ Ներսիսյան դպրոցում որդեգիր աշակերտ էի, ճանաչում էի վանքի ավագ եկեղեցու թիֆլիսեցի մի զառամյալ ավագերեցի, որը ժամասացությունը Թիֆլիսի բարբառով էր կատարում։

Ընտանիքի մեջ գործածական լեզուն վրացերենն էր,— թիֆլիսցի հայոց յուրահատուկ վրացերենը՝ աղճատված և ամեն ազգի բառերով խճողված։ Պատճառն անշուշտ կինն էր, որը վիրախոս էր։

Որքան տանտերս ակամա հարգանք էր ազդում ինձ իր ծանրաբարո և լրջամիտ բնավորությամբ, այնքան նրա կինը հենց սկզբից վանող տպավորություն գործեց ինձ վրա։ Անհամակրելի կին էր, կռվարար և թունդ էլ անեծքներ գիտեր։ Իզուր չէր, որ նրան գիժ-Կեկել էին անվանում ետևից։ Համարյա օր չէր պատահում, որ նա վերևից, իրենց պատշգամբից դեպի բակը խոնարհված, ամբողջ ժամերով չկռվեր այնտեղ, ներքևում ապրող կենող կանանց հետ և անեծքակոխ չաներ նրանց երեխաներին, որոնք խաղալիս ըստ երեխայական սովորության մի որևէ բան քանդում, փչացնում էին. ներքևից, իհարկե, անպատասխան չէին թողնում նրան, և ահա ամբողջ բակը սկսում էր զրնգալ կանանց ձայների այնպիսի մի երաժշտությամբ, որ ես ստիպված էի լինում դուռս ու պատուհանս փակել կամ թե պարզապես փախչել տանից՝ պարապմունքս կիսատ թողած։ Վախենում էի միջամտել, որովհետև գիժ-Կեկելն այդպիսի դեպքերում այն աստիճան գազազած էր լինում, որ ոչ միայն չէր լսի ինձ, այլև կարող էր