Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/487

Այս էջը հաստատված է

Նորեկներից երիտասարդը, ինչպես հետո իմացա, տանտիրոջս մեծ տղան էր, իսկ օրիորդը — աղջիկը։ Այդ ամառ նրանք Կովկասյան հանքային ջրերն էին եղել գնացած և այդ երեկո այնտեղից էին վերադառնում։

Տանտիրոջս այդ մեծ տղան, չնայելով իր դեռևս շատ ջահել հասակին (հազիվ 23—24 տարեկան), արդեն ավարտել էր բժշկական ֆակուլտետը և եկել էր տանը պատրաստվելու պետական քննությունների համար։ Նիհար տղա էր, դեղնավուն, հիվանդոտ դեմքով և խոհուն, իր տարիքին անհամապատասխան լուրջ հայացքով, հանգիստ շարժումներով, բայց՝ ըստ երևույթին, բավական ջղային և հանկարծ բորբոքվող, որի մասին վկայում էր նրա երբեմն-երբեմն ցնցվող գլուխը։

Ընդհակառակն, նրա քույրը տեղն ու տեղը կրակ էր— կրակ շարժումների մեջ, կրակ քայլվածքի մեջ, կրակ խոսակցության մեջ։ Ուրախ ժամանակ ծիծաղում էր անդադար, ծիծաղում սրտանց, հազը բռնելու չափ, իսկ լուրջ ժամանակ ժպիտը անպակաս էր նրա դեմքից, մի ժպիտ, որը հիանալի մատնեհարներ էր գոյացնում նրա թշերի վրա։ Սիրում էի սենյակից ականջ դնել նրա թրթռուն, վարակիչ ծիծաղի ելևէջներին, նրա կրծքային ձայնին։ Տասնյոթ կամ տասնութ տարեկան էր, միջակից մի քիչ բարձր հասակով, փոքր-ինչ անկանոն կազմվածքով և, ըստ երևույթին, միանգամայն անտարբեր դեպի կանացի արդուզարդն ու պճնանքը։ Արևելյան գեղեցկության մի ուրույն տիպար էր պինդ դեղձի նման թուխ ու թավուտ դեմքով և վերին շրթունքի վրա փայլուն սև աղվամազով։ Զարմանալի սև ու փայլուն էին մազերը և այնքան առատ ու երկայն, որ երբ հյուսում էր մի գիսակի մեջ, գիսակի ծայրը համարյա մինչև կրունկներն էր հասնում։ Մի տարի էր, որ ավարտել էր գիմնազիոնի հինգերորդ դասարանը և, ինչպես իմացա, մայրն այլևս չէր թողել, որ շարունակի ուսումը, ասելով, որ աղջկան այդքան էլ բավական է և այժմ պետք է «մարդու գնալ»։ Գործածական լեզուն եղբոր հետ ռուսերենն էր, իսկ ծնողների և երեխաների հետ— վրացերենը։ Ուզում էի, որ անունը, կրակոտ աչքերի համար, Հրաչյա լիներ, բայց բանից դուրս եկավ, որ Քալի էր (վրացերեն