Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/495

Այս էջը հաստատված է
4

Բայց հետևյալ օրը ահա թե ինչ պատահեց։

Դպրոցում պարապմունքներս վերջացնելուց հետո, ճաշարանում ճաշել և նոր էի վերադարձել տուն, որ մի քիչ հանգստանամ և երեկոյան սկսեմ պարապմունքս Քալիի հետ։ Պառկած տեղս քնով էի անցել։ Մեկ էլ հանկարծ զարթնեցի ինչ-որ տարօրինակ աղմուկից։ Դուրս գնացի պատշգամբ։ Աղմուկը բակումն էր։ Բոլոր կենողները դուրս էին թափվել, տղամարդ չկար մեջները. բոլորը կանայք, աղջիկներ և երեխաներ։ Ամենքը խոսում, բղավում էին միանգամից։ Ոչինչ չէր հասկացվում այդ ժխորի մեջ։ Դիմացի բակում գտնվող ամենավերջին սենյակի լուսամուտի առջև մի խումբ երեխաներ և կանայք իրար գլխի թափված ներս էին նայում։ Այդ սենյակից լսվում էին երեխաների ծվոց ու ծղրտոցներ, որոնք միախառնվելով դրսի կանանց ու երեխաների աղմուկի հետ, փշաքաղում էին մարդու մազերն իրենց ահարկու տարօրինակությամբ։ Չհամբերեցի՝ գոռացի.

— Ի՞նչ է պատահել։

Լուսամուտի առջև խռնված կանանց և երեխաների միջից մեկը դուրս թռավ և, դիմելով ինձ, առաջ վազեց։ Քալին էր։

— Ի սեր աստծու, օգնեցե՛ք,— աղաղակեց ներքևից, սարսափահար, աղերսալի աչքերով նայելով ինձ։

Ներքև վազեցի։

— Ի՞նչ է պատահել,— նորից հարցրի։

— Սպանեց, շո՛ւտ,— ասաց միայն սարսափից հևալով և տարավ ցույց տվեց այն սենյակի դուռը, որտեղից լսվում էին երեխաների ծվոցներն ու ծղրտոցները։

Բռնեցի դռան փականքից և հրեցի, բաց չեղավ, փակված էր ներսից։ Սկսեցի շարժել, որ տեղահան անեմ, դարձյալ անօգուտ։ Այն ժամանակ ձեռքերիս և ոտներիս մկաններն իրենք իրենց լարվեցին այնպիսի մի կատաղի ուժով, որ մի րոպեից ինչ-որ ճայթեց, դուռը մեկեն բացվեց շրխկալով ու ուժիս իներցիան ներս նետեց ինձ սենյակը։