Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/497

Այս էջը հաստատված է

լցված զզվելի սպիտակուցները դեմքիս հառած, և մարմինն էլ մի տեսակ խլպլտում էր տակս։

Այժմ մութ կերպով հիշում եմ, որ սենյակը լցվել էր մարդկանցով. դրանք, երևի, բակի կանայք ու երեխաներն և փողոցով անցնող պատահական մարդիկ էին, որոնք ներս էին թափվել «թամաշա» անելու։ Չորս կողմս դժոխային ղժվժոց էր ընկել։

Ուշքի եկա այն ժամանակ, երբ մեկը վրա ընկավ, բռնեց երկու ձեռքիցս և բոլոր ուժով քաշելով վեր կացրեց ինձ այդ թշվառականի վրայից։ Տանտերս էր։

— Գժվի՜ լ իս, ինչ է, խո խեղդեցիր,— ասաց։

Բան չկարողացա արտասանել. սաստիկ հոգնել և դժվարությամբ էի շունչ քաշում։

Այդ րոպեին հոր կողքին տեսա Քալիին լուռ, գունատ, սարսափահար ինձ նայելիս։

Տանտերս բռնեց թևիցս ու դուրս տարավ։

Բայց հազիվ ոտս դուրս էի դրել շեմքից, մեկ էլ հանկարծ ներսը հավաքված ամբոխի մեջ կանանց ու երեխանց մի սոսկալի ծղրտոց բարձրացավ և գրեթե նույն րոպեին ինչ-որ մի տրաքոց զգացի ծոծրակիս վրա։ Ականջներիս մեջ մի սուր ծվոց լսեցի, կարծես մոտս թնդանոթ արձակեցին, աչքերս նախ պեծին-պեծին տվին, հետո հանկարծ մթնեցին, գետինը թռավ ոտներիս տակից և... այնուհետև թե ինչ պատահեց — չիմացա։

Ուշքի որ եկա, տեսա պառկած եմ սենյակումս, մահճակալիս վրա։ Մոտս աթոռի վրա նստած էր տանտիրոջս բժշկացու տղան՝ սառը, լուրջ դեմքով։ Շատ զարմացա, նա երբեք սենյակս չէր մտել. այնպես առանձնացած էր պահում իրեն, որ նույնիսկ չէինք ծանոթացել իրար հետ։ Նրա մոտ անհանգստություն արտահայտող դեմքերով կանգնած էին տանտերս և նրա կինը։ Աչքերս բանալուն պես մի թույլ, ուրախական ճիչ լսեցի գլխիս վերևը։ Բժշկացուն սաստող աչքերով արագ նայեց վերև և ասաց «что ты!». իսկապես ա՛յդ ճիչն էր, որ ինձ ուշքի բերեց։ Աչքերս գցեցի գլխավերևս, որ տեսնեմ, ով էր, ոչ ոքի չտեսա։ Հետո փոխեփոխ նայեցի բժշկացուի, նրա հոր, նրա մոր աչքերին և հարցրի.

— Ի՞նչ է պատահել։