Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/5

Այս էջը հաստատված է
ՆԱՐ-ԴՈՍ
1

Արտասովոր ոչինչ չկա Նար-Դոսի կենսագրությունում և դժվար է պատկերացնել, որ այդ անապահով, միապաղաղ, հոգնեցուցիչ կյանքն ապրել է մեր գրականության ամենահետաքրքիր, արտասովոր դեմքերից մեկը:

Միքայել Զաքարի Հովհաննիսյանը ծնվել է Թիֆլիսում, 1867-ի մարտի 1-ին: Բրդավաճառ հայրը և մայրը բուն թիֆլիսեցիներ էին: Ուսանել է նախ Հավլաբարի ս. Կարապեա եկեղեցու ծխական դպրոցում, ապա՝ քաղաքային Նիկոլաևյան երկդասյա ռուսական դպրոցում: Միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում մնալ Խոնի (Քութայիսի շրջան) ուսուցչական սեմինարիայում, ուր ընդունվել էր քննության հանձնելուց հետո: Նույն պատճառով չի հաջողվամ մտնել նաև Թիֆլիսի երկաթուղային դպրոցը: Մի տարի թափառեցի պարապ-սարապ, գրում է Նար-Դոսը ինքնակենսագրությունում, հոգացող, ուղի ցույց տվող չունեի: Ընդունվում է Միքայելյան արհեստագիտական դպրոցը, ուր ուսումը ձրի էր: Այստեղ հանդիպում ու մտերմանում է Ալեքսանդր Ծատուրյանին: Երկուսն էլ գրականության ու գեղարվեստի սիրահար, գրավում են հայոց լեզվի և կրոնի ուսուցիչ Արսեն ավագ քահանա Բագրատունու ուշադրությունը, որի խրախուսանքն էլ նրանց շուտով մղում է գրական ասպարեզ: Մի տարի հետո թողնելով դպրոցը՝ իրենց հանձնում են «բախտի քմահաճույքին»: 1830 թվականի հունիսի 1-ից Միքայել Հովհաննիսյանը «Նոր-Դար» լրագրի քարտուղարն էր մինչև վերջնական դադարումը՝ 1906 թվականը: Նամակներում այդ աշխատանքը նա համարում է մարդկանց ստեղծած գործերից ամենաանիծյալը, ամենաատելին, ամենազզվելին, կատարյալ դժոխք, ստանում էր չնչին աշխատավարձ, ծախսում ամբողջ ժամանակը առավոտից մինչև երբեմն գիշերվա մեկը, երկուսը. «Եվ այդպես ամեն օր, ամբողջ տարիներ: Իմ սեփական գրական աշխատանքներիս համար մնում էին միայն գիշերվա ժամերը, և այդ ժամերին եմ գրել ես գրական երկերս մեծ մասամբ: Այստեղից պարզ պիտի լինի, թե ինչու ես այնքան քիչ բան եմ գրել համեմատաբար»: Թարգմանիչ, սրբագրիչ, քարտուղար է եղել