Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Այս էջը հաստատված է

ձեռքը կոխելով բաճկոնի ծոցի գրպանը։ Այնտեղից հանեց կաշվե մի հաստ թղթապանակ, համրեց քսան ռուբլին և, տալով Ցականին, ավելացրեց.— տալիս եմ, համա իմաց կաց, որ արածդ մարդավարութին չի։ Ափսոս իմ ժամանակը, էսքան վախտ, որ իմ տանը նստած ըլեի...

— Դե, էլ շատ մի՛ խոսա,— ընդհատեց նրան Ցականը,— փասա-փուսեդ քաշի գնա։

Գրբաց Գրիգորը գդակը քաշեց աչքերին և, ամոթից ու անզոր կատաղությունից գունատ, կանանց ծաղրական ժպիտների տակ դիմեց դեպի դուռը։

— Համա չկարծես, թե էդ ա, պրծար,— կանչեց նրա հետևից Ցականը.— թող մի էս աղջիկը չլավանա քու դամղեքից... իմ մարդավարութինը, դու էն վախտը կտեսնաս...

------

Մարթան թեև շուտով լավացավ մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից հետո մեռավ նույն խելագար դրության մեջ։ Նրան շուտով հետևեց և ծերունի հայրը։

Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիր այտերով:

1889


ՍԱՔՈՒԼՆ ՈՒԽՏ ԳՆԱՑ

Դուրգար Սաքուլը կամաց բաց արեց դուռը և ներս մտավ։

Նրա կինը՝ Նատոն, թևերը մինչև արմունկները քշտած՝ պպզած էր հատակի վրա և լվացք էր անում կոծկած թաբախում։ Բուխարու մեջ կասկարայի վրա դրած կաթսայի տակ մի քանի բարակ փայտ էր ծխում։ Հողե հատակի վրա բավական ցեխ էր գոյացել և լվացքի սապնոտ ջուրը տեղ-տեղ գուբ էր կապել։ Սենյակի օդը հագեցած էր խոնավության, սապնաջրի և ծխի գարշ հոտով։ Թախտի վրա դրած օրորոցի մեջ քնած էր ծծի երեխան։

Կինը նայեց մարդու հիվանդոտ, թախծալի երեսին, և