Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/500

Այս էջը հաստատված է

Վեր կացավ, դես-դեն նայեց սենյակիս մեջ, հետո անլռելի քայլերով դուրս գնաց և մի քանի րոպեից կրկին ներս մտավ ջրով լի մի շիշ և մի բաժակ ձեռքին։ Հիշում եմ, ուզում էի գլուխս բարձրացնեմ, չկարողացա։ Ձեռքը ներս կոխեց բարձիս տակը, բարձի հետ բարձրացրեց գլուխս և մյուս ձեռքով բաժակը մոտեցրեց շրթունքներիս։ Ծարավից պապակում էի և ագահաբար ծծեցի սառը ջուրը։ Դրանից հետո գրեթե իսկույն չգիտեմ քնեցի՞, թե նորից ինքնամոռացության մեջ ընկա։

Երկու օր շարունակ համարյա ուշագնաց էի։ Աչքերս բաց արի երրորդ օրը։ Առավոտ էր։ Աշնանային դժգույն արևը ողողել էր սենյակս։ Մահճակալիս մոտ տեսա բժշկիս և նրա քրոջը։ Հետո մտավ տանտերս իր կնոջ հետ։ Նրանց նայելով, զգացվեցի, աչքերս արտասվակալեցին։ Ինձ թվաց թե մեռնելու եմ և այդ բարի մարդիկ կարեկցում են ինձ։ Բժիշկս նայեց զարկերակս, չափեց տաքությանս աստիճանը, սկսեց ինչ-որ տարօրինակ հարցումներ տալ, որոնցից գլխի ընկա, որ կասկածում էր, թե մի գուցե ուղեղի ցնցում լինեի ստացած։ Վերջն ասաց, որ ճգնաժամն անցել է, որ այլևս ոչ մի վտանգ չկա, անպատճառ կլավանամ։ Նկատեցի, թե ինչպես բժշկի այդ հուսադրական խոսքերից հետո տանտիրոջս, նրա կնոջ և աղջկա դեմքերին մինչ այդ եղած վախի և տխրության արտահայտությունը միանգամից ուրախական արտահայտության փոխվեց, և նրանք, որ մինչ այդ լուռ դիտում էին ինձ, սկսեցին միաժամանակ խոսել։ Նրանց այդ ուրախության ազդեցության տակ ինքս կենդանացա։ Բայց մի բան, որ ավելի ևս կենդանություն տվեց ինձ, այդ Քալիի բուռն ուրախությունն էր, որը չէր իմանում ինչպես արտահայտեր։ Առանց ծնողներին հարցնելու նա դուրս վազեց և թեյ ու նախաճաշ բերեց ինձ համար։

Ա՜խ, այդ աղջիկը... Ինչպե՜ս կուզեի համբուրել նրա ձեռքերը և լաց լինել այդ րոպեին ինձ համակած մի ծայր աստիճան քաղցր, քնքշացնող զգացումից, որի մեջ հալվում էր ամբողջ էությունս։ Արդյոք նա չէ՞ր (հանկարծ միտս եկավ այդ րոպեին) առաջին գիշերը, գուցե և հետևյալ գիշերները, մահճակալիս մոտ ինձ հսկողը, ինձ ջուր տվողը...