Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/502

Այս էջը հաստատված է

տրագիկական մի գիծ կար, որն իսկույն գրավում էր նայողի ուշադրությունը։ Խոհուն դեմքից և խոսակցական լեզվից նկատում էի, որ քիչ թե շատ կրթված կին է։

Նստելուց հետո, ըստ երևույթին, ուզում էր խոսել, բայց ամաչում էր. նրա շփոթմունքը տեսնելով, ինքս էլ քաշվում էի հարցուփորձ անեմ։ Սակայն, կարճ լռությունից հետո, աչքերը վայր թողած հազիվ լսելի ձայնով ասաց.

— Ինչո՞ւ միջամտեցիք, ինչո՞ւ ձեր կյանքը վտանգի մատնեցիք։

— Նա ախր ձեզ սպանում էր։

Հանկարծ նայեց ինձ․ նրա հանգած աչքերը վառվեցին տարօրինակ փայլով։

— Թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ, թո՛ղ սպաներ,— վրա տվեց սրտանց։— Ավելի լավ չէ՞ր լինի, միանգամից կպրծնեի․․․ Իմ մահը երջանկություն կլիներ ինձ համար, իսկ ձեզ... ի՞նչ ասաց բժիշկը․ վերքը խո վտանգավոր չէ՞։

֊ Չէ։

— Փառք աստծո,— դարձյալ հառաչեց նա։— Ա՜խ, որ մտածում եմ իմ պատճառով եք այդ դրության մեջ ընկել... Չնայելով, որ ինքս հիվանդ էի,— հիմա էլ լավ չեմ,— ամբողջ մարմինս մղկտում էր, բայց և այնպես, որ իմացա, թե այն հրեշն ինչ օրի է գցել ձեզ, մոռացա իմ ցավերս էլ, ամեն բան էլ և եկա մտիկ անեմ ձե՛զ։ Չէ՞ որ դուք մենակ եք, նայող չունեք։

— Ուրեմն քվիթ,— նկատեցի ժպտալով։

Նեղացավ։

— Մի՞թե կարծում եք, օր ես քվիթ լինելու համար․․․

Թույլ չտվի վերջացնի, ասացի, որ կատակ արի, ներողություն խնդրեցի, շնորհակալություն հայտնեցի իր բարեսրտության համար և հարցրի, թե իր ամուսնուն դեռ չե՞ն թողել։

— Ոչ,— կցկտուր պատասխանեց և լռեց։ Հետո, կարծես ինքնիրեն ասաց,— նրան բռնեցին տարան, բայց ի՞նչ օգուտ։ Ժամե ժամ սպասում եմ, որ կթողնեն, և ես նորից...

Ասելիքը չվերջացրեց և իր դժբախտ վիճակի հետ վաղուց