Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/503

Այս էջը հաստատված է

հաշտված մարդու հանգիստ հուսահատությամբ գլուխը կախեց կրծքի վրա։

Սիրտս ճմլվեց։ Զգացի, որ եթե նորից հարկ լինի իմ միջամտության, դարձյալ չեմ խնայի իմ օգնությունը՝ թեկուզ նույնպիսի հետևանքով ինձ համար։

Ինձ սկսել էր հետաքրքրել այդ դժբախտ կնոջ վիճակը։

— Ներեցեք, տիկին անհամեստ հարցումիս համար․ ինչո՞ւ է նա ձեզ... ինչո՞ւ է ձեզ հետ այդպես վարվում։

— Այդպես է վարվում,— կարճ պատասխանեց, առանց նայելու ինձ։

— Մի առիթ, մի պատճառ պիտի լինի՞ թե ոչ։

Այս անգամ նայեց ինձ. կարծես զարմացավ, որ առիթ, պատճառ էի հարցնում։

— Առիթը, պատճառն այն է, որ խմում է,— պատասխանեց շատ հասարակ կերպով։

— Ի՞նչ գործի է։

— Դատարանում գրագիր է։

— Շուտ֊շո՞ւտ է խմում։

— Կմեռնի, որ մի օր չխմի։

— Եվ ամեն օր է... այդպե՞ս է վարվում։

— Ոչ ամեն օր։

— Ա՞յլ։

— Երբ որ քիչ է լինում խմած։

— Ի՞նչպես թե...

— Շատ խմած ժամանակ գալիս է, սուսուփուս վեր ընկնում քնում, բայց որ փող չի ունենում լավ թրջվելու, գալիս է մաղձն ինձ վրա թափում, ինչպես որ տեսաք անցյալ օրը։ Եվ այս մի տարի չէ,— ամուսնանալու օրից սկսած։

— Լավ, որ այդպես է, էլ ի՞նչպես եք կարողանում ապրել նրա հետ։ Գուցե ինքներդ չե՞ք աշխատում, չե՞ք կարողանում աշխատել։

— Ինչպես չէ, կար եմ անում և իմ աշխատանքով եմ պահում զավակներիս։

— Այդ ավելի լավ, ուրեմն դուք հեշտությամբ կարող եք բաժանվել նրանից։

Նայեց ինձ այնպիսի մի ժպիտով, կարծես շատ միամիտ բան ասացի։