Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/508

Այս էջը հաստատված է

— Ուրիշը այսօրվան օրը կոնֆետ կնվիրեր, բայց ես ավելի լավ համարեցի այդ գիրքը նվիրել։

Ծիծաղեց, շնորհակալություն հայտնեց և դուրս փախավ։

Հետևյալ օրը, երբ ըստ սովորականին պարապում էի նրա հետ, հանկարծ խոսքս կտրեց և հարցրեց.

— Դուք թաշկինակ ունե՞ք։

Զարմացա։

— Ինչո՞ւ եք հարցնում։

— Պատասխանեցեք, ունե՞ք թաշկինակ:

— Ունեմ։

— Տեսնեմ։

Գրպանիցս հանեցի հասարակ միտկալի թաշկինակս և տվի իրեն։

— Է՛հ,— դեն շպրտեց։— Ուրիշ չունե՞ք։

— Ունեմ։

— Տվեք տեսնեմ։

Սնդուկիցս հանեցի տվի երկրորդ թաշկինակս, որը միևնույն կտորից էր։

Նայեց և նորից ետ տվավ։

— Լա՛վն եմ ասում, լա՛վը։

— Դե այս րոպեիս դրանից լավը ո՞րտեղ ճարեմ, ասացի,— իմ ունեցածս այդ է։

— Լավ, թողնենք այս, շարունակենք։

Շարունակեցի ընդհատված դասախոսությունս, բայց այս անգամ ինքս ընդհատեցի և հարցրի.

— Լավ, ինչների՞դ է պետք իմ թաշկինակը։

— Քիթս պետք է սրբեմ,— վրա բերեց բարձրաձայն ծիծաղելով։

Այդ թաշկինակը ցավ դառավ ինձ համար, ինչքան էլ գլուխս կոտրում, մտածում էի, որ իմանամ ինչին էր պետք թաշկինակս, բան չէի հասկանում. ինչքան խնդրեցի, որ ասի, չասեց, ամեն հարցնելիս ծիծաղում էր միայն, մինչև որ մի օր էլ, ոչ սովորական պարապմունքի ժամին մտավ ինձ մոտ, անսովոր հանգստությամբ, առանց ձայն-ծպտուն հանելու սեղանիս վրա դրեց բարակ թղթի մեջ փաթաթած ինչ-որ փոքրիկ մի բան և նույն լռությամբ դիմեց դեպի դուռը։ Դռան մոտ շուռ եկավ, նայեց ինձ և ասաց.