Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/509

Այս էջը հաստատված է

— Այսօր ձեր անվանակոչության օրն է, և ամոթ ձեզ, որ ոչինչ չեք պատրաստել ինձ հյուրասիրելու համար։

Ասաց և ծիծաղելով դուրս փախավ։

Ա՛յ քեզ բան. իսկապես որ անվանակոչությանս օրն էր, և ես ոչինչ չգիտեի։

Ապշած վերցրի բաց արի թղթի մեջ փաթաթված իրը․ թաշկինակ էր, ութածալ, մետաքսի և այնքան բարակ, որ բռան մեջ կարելի էր հավաքել։ Ծայրերից մեկի վրա զարմանալի նրբությամբ ասեղնագործված էին անվանս և ազգանվանս սկզբնատառերը հայերեն նշանագրերով։ Ահա՛ թե ինչի համար էր ինձնից թաշկինակ պահանջում։ Անհուն երջանկությամբ նրա փոխադարձ նվերը մոտեցրի շրթունքներիս և համբուրեցի այն տեղը, ուր նրա մատներն իմ անվան և ազգանվան սկզբնատառերն էին ասեղնագործել ո՛վ գիտե ինչ մտածումներով և զգացումներով։

Չգիտեմ, շատ տարօրինա՞կ, թե շատ սովորական էր մեր սերը (եթե միայն այդ սեր էր), բայց մեր միջև երբեք ոչ սիրո՛ խոստովանություն եղավ, ոչ էլ սիրո մասին որևէ ակնարկ։ Գարուն, լուսին, վարդ, սոխակ, ախ ու վիշ և այլ այդպիսի բաներ չկային. ինչպես երևում է, այդ ակսեսուարներով սիրում են միայն բանաստեղծները, իսկ մենք շատ պրոզայիկ մարդիկ էինք։ Ճիշտ է, մեր փոխադարձ նվերներն, ըստ երևույթին, մի քիչ բանաստեղծական էին, բայց նա իմ նվիրած Աբովյանից կիմանար, թե Հայաստանի վերքը ո՛րն էր, որից ամենևին գաղափար չուներ, իսկ նրա նվիրած մետաքսե թաշկինակն էլ ես կարող էի գործածել ամեն անգամ, երբ միտկալի թաշկինակներս կեղտոտվեին։ Մեր սիրո լեզուն այս էր.— ծիծաղում էինք իրար վրա, ծաղրում էինք իրար, ջգրացնում, նա ինձ «քնձռոտ վարժապետ» էր անվանում, ես նրան— «Քալո խաբարդիանո» (այդ բառերով սկսվող վրացերեն մի հին երգ էի լսել Թիֆլիսում), մի քիչ էլ որ առաջ գնացինք, կամացուկ խփում էինք իրար ձեռքի, երբեմն նա բռնում էր քթիցս, ես ձիգ էի տալիս նրա գիսակը, մի խոսքով՝ օրինավոր սիրահարվածներին անվայել այսպիսի երեխայական չարաճճիություններ։ Որից հետո,— այս էլ ասեմ,— մենք բաժանվում էինք իրարից իբրև միակ